Լոնդոնյան դատարանը վճռել է, որ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը չի կարող արտահանձնվել Միացյալ Նահանգներ:

Ինչպես հայտնում է BBC News-ը, դատարանը նման որոշում է կայացրել՝ հիմք ընդունելով նրա կայնքին սպառնացող վտանգը՝ հաշվի առնելով վերջինիս հոգեկան առողջությունն ու ԱՄՆ-ում ինքնասպանություն գործելու հավանականությունը:

ԱՄՆ-ն պահանջում է արտահանձնել 49-ամյա Ասանժին, որին մեղադրում է 2010-11 թվականներին հազարավոր փաստաթղթերի հրապարակման համար: Ըստ ԱՄՆ-ի՝ այդ փաստաթղթերի հանրայնացումը խախտել է օրենքն ու կյանքեր վտանգել:

ԱՄՆ իշխանություններն արդեն հայտարարել են, որ բողոքարկելու են որոշումը:

Ասանժի փաստաբանների խոսքով՝ ԱՄՆ-ում դատապարտվելու դեպքում նրան սպառնում է մինչև 175 տարվա ազատազրկում, թեև ԱՄՆ կառավարության հաղորդմամբ՝ նրան կսպառնար 4-6 տարվա ազատազրկում: Նրա դեմ 18 կետանոց մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ ռազմական տվյալների բազան կոտրելու, Աֆղանստանում և Իրաքում արշավների մասին գաղտնի տեղեկություններ գողանալու և հետագայում դրանք հրապարակելու գործով: