Այսօր ասուլիսի ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադառնալով Փաշինյանի ամանորյա ուղերձին՝ պնդեց, որ նա տարին ստերով է սկսել:

«Ասում է՝ պատերազմի առաջին օրից սկսած մենք ժողովրդին ասել ենք ճշմարտությունը, ստեղ են ասել՝ տո լավ է: Պատերազմի առաջին օրից ժողովուրդն իմացե՞լ է ճշմարտությունը, լավ, էս ի՞նչ աճպարարություն է: Նիկոլ Փաշինյան, դու ամոթ չունե՞ս, դու ժողովրդին ասե՞լ ես ճշմարտությունը: Հելնում ասում էիք՝ հես ա Շահումյան ենք մտնում, Գետաշեն ենք մտնում, գրավում ենք, հաղթում ենք, ամոթ չես անո՞ւմ, երիտասարդ, էս ի՞նչ ձև ես ձեռք առնում ժողովրդին: 6-7 շաբաթ խաբեց, ասեց՝ հաղթում ենք, 8-րդ շաբաթվա առավոտ շուտ պարզվեց՝ ոչ մի բան չունենք: Լավ, էս ծաղրն ո՞ւր կարա հասնի»,- ասաց Պետրոսյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստին՝ պատգամավորը հարց ուղղեց նրան.

«Փաշինյան Նիկոլ, դու մեր ժողովրդի, մեր պետության, Արցախի Հանրապետության անվտանգության հետ ի՞նչ կապ ունես: Դու անվտանգության հարցերով կարող ես զբաղվել էնքան, ինչքան ես՝ ոսկրածուծի տրանսպլանտացիայով: Դու ի՞նչ կապ ունես անվտանգության հետ, օրը մի գյուղ տալիս ես»,- ընդգծեց Պետրոսյանը:

Նիկոլ Փաշինյանն ամանորյա իր ուղերձի ժամանակ ասել էր, որ մեր սրտերն ու մտքերը մեր անհետ կորած զինվորների ընտանիքների հետ են, մեր գերեվարված հայրենակիցների ընտանիքների հետ են, մարտական հերթապահության մեջ գտնվող մեր զինվորների, սպաների, գեներալների՝ մեր բանակի, մեր սահմանապահների հետ են: 12 րոպե տևողությամբ ուղերձում 12 անգամ կրկնված նույնաբովանդակ մտքին ի պատասխան՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորն այսպես արձագանքեց.

«Իրա սիրտն ու միտքը Սևանի դաչեն ա, ուշք ու միտքն էդ է, որ ինչ անի, իրան քցի ընդեղ, իրան լավ զգա, ի՞նչ զինվոր, ի՞նչ գերեվարված, ի՞նչ անհետ կորած»,- ասաց Պետրոսյանը:

Պատգամավորի կարծիքով՝ Փաշինյանը Ամանորին ոչ թե պետք է ուղերձ հղեր, այլ գնար դիրքեր՝ զինվորների հետ դիմավորելու Ամանորը, կամ գնար այն գյուղերը, որոնք պատրաստվում է հանձնել, և որպես գերագույն գլխավոր հրամանատար՝ թույլ չտար, որ դրանք հանձնեն:

«Ո՞վ ա տենց բան լսել, հայ ազգ, հայ ժողովուրդ, աշխարհասփյուռ հայություն, որտե՞ղ եք լսել, որ հողը հանձնեն բանավոր համաձայնությամբ, դա Քաղաքացիական օրենսգրքում, եթե չեմ սխալվում, 50,000 դրամից պակաս արժեք ունեցող գույքի վերաբերյալ են բանավոր գործարքներ կնքում, կամ եթե գործարքը հենց կնքման պահին է կատարվում, հողը հանձնում ես բանավոր համաձայնությամբ, սառնարա՞ն է, հեռուստացո՞ւյց է, ի՞նչ է: Նիկոլ Փաշինյան, դու ինչի՞ հավ չես պահում, որովհետև դու ուժեղ կուտ տվող ես, քեզ կսազի, գնա հավ պահի, դու ի՞նչ վարչապետ»,- ասաց Պետրոսյանը:

ԲՀԿ պատգամավորը, մեջբերելով ուղերձի այն հատվածը, որտեղ Փաշինյանն ասում է, թե պետք է խթանել մայրությունը, հարցրեց, թե ինչպե՞ս պետք է դա անել, եթե 2020 թվականի ընթացքում բազմաթիվ ծննդատներ են փակվել:

«Որ ծննդատները փակում են, կարո՞ղ է պետք է գան ձեր տանը ծննդաբերեն այդ կանայք»:

Անդրադառնալով հիշատակված ուղերձի վերջին հատվածին, որում վերջինս ասում է՝ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանում և Արցախում վառ կլինեն բոլոր լույսերը, կփայլեն ու կպսպղան տոնածառները, Պետրոսյանն ասաց.

«Դու գաղութում ես լինելու, ո՞նց ես տեսնելու էդ ամեն ինչը, դու որ ասում ես՝ Շուշին դժգույն քաղաք ա, դժգույն քաղաքում ո՞նց կարա տոնածառ պսպղա, այ դեմագոգ»:

ՀՀ անվտանգության խորհրդի նիստին ներկա էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Գևորգ Պետրոսյանի պնդմամբ՝ նա հիմա պետք է լիներ Արցախում, զբաղվեր անհետ կորածների, գերիների հարցերով և ոչ թե մասնակցեր ՀՀ անվտանգության խորհրդի նիստին: Պատգամավորը վստահեցրեց նաև, որ պետական բոլոր կառույցները ծառայում են Նիկոլ Փաշինյանին:

«Սահմանապահ զորքերը սարքել է իր անձնական ծառայությունը, ՀՀ ազգային անվտանգության սահմանապահ զորքերը  ծառայում են իր անձնական անվտանգությանը: Փոխանակ սահմանները պաշտպանեն, իր անվտանգությանն են ծառայում, էս մարդն ամբողջ պետական ապարատը բերել, մտցրել է իրանց տուն, հարկայինն էլ, մաքսայինն էլ, ազգային անվտանգությունն էլ, ոստիկանությունն էլ  իրենց են ծառայում»,- ասաց Պետրոսյանը:

Նա նաև ասաց, որ իրեն օդում կախված լուրեր են հասել, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Արցախից ոստիկանության աշխատակիցներ բերել:

«Օդում կախված լուրերի համաձայն, որպես փաստ չեմ ասում, հիմա էլ պատրաստվում է Արցախից մարդ բերել մեր ուժային համակարգերը ղեկավարելու, որովհետև մեր ուժայիններից շատերն ամաչում են արդեն իրենց բակ դուրս գալ, ամաչում են մարդկանց երեսին նայել, թե էդ ինչ բռնարարքներ են կատարում Նիկոլ Փաշինյանի ցուցումով, ստիպված որոշել է Արցախից մարդիկ բերի, ովքեր այստեղ կաշկանդող բան չունեն, կարող է ազգականներ ունենան, բայց հիմնականում ժողովուրդն իրենց չի ճանաչում, որ արխային  ջարդուխուրդ անեն ժողովրդին: Ինքն աշխարհը կկործանի, միայն թե մնա վարչապետի պաշտոնին»,- ասաց Պետրոսյանն ու ավելացրեց, որ միևնույն է, Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու:

«Դու ցեղասպան ես, դու Նիկոլ ցեղասպանն ես, պատմության գրքերում հիշատակվելու ես՝ որպես Նիկոլ ցեղասպան»:

Նշված ուղերձում Փաշինյանի այն պնդմանը, թե 2021 թվականի առաջին իսկ րոպեները պետք է դառնան այն զրոյական կետը, որից մենք սկսում ենք մեր ազգային նոր վերելքը, Պետրոսյանն արձագանքեց.

«Փաշինյանը մինչև հիմա 0-ից չի բարձրացել ոչ մի հարցում, ո՛չ պետություն ղեկավարելու, ո՛չ Արցախյան պատերազմը ղեկավարելու, նա 0 եղել է, կա և լինելու է»,- ասաց Պետրոսյանը:

«Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանն էլ նշեց, որ ՀՀ-ում այս պահին չկա իշխանություն: Նրա խոսքով՝ իշխանություն ունենալու նախապայմաններն են՝ որոշակի տարածք՝ մշտական բնակչությամբ, իշխանություններ, որոնք լիովին վերահսկում են իրադրությունը և ունեն այլ պետությունների հետ հարաբերվելու ունակություն:

«Այսօր ՀՀ-ում իշխանություն գոյություն չունի: Հայաստանում իշխանություններ, որոնք վերահսկում են իրադրությունը, գոյություն չունի, Փաշինյանը ցանկացավ գնալ Սյունիք, բայց հանդիպեց դիմադրության, նրան թույլ չտվեցին մուտք գործել Սյունիքի մարզ: Փորձեց գնալ Եռաբլուր, նույնպես հանդիպեց դիմադրության, բիրտ ուժի ներքո ճեղքեց դիմադրությունը, և փորձեց բարձրանալ Եռաբլուր, բայց այն ինչ արեց, ավելի լավ է այդ փորձը չկատարեր: Նա հանդիպեց իր կարգավիճակին՝ ցեղասպանի կարգավիճակին»,- ասաց Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ լուրեր են շրջանառվում, թե Նիկոլ Փաշինյանը պետք է մեկնի Մոսկվա հունվարի 11-ին և ինչ-որ փաստաթուղթ ստորագրի:

«Մոսկվա մեկնելու և այնտեղ այդ հանդիպումն ու ապագա  փաստաթուղթ ստորագրելու հեղինակներին ուզում եմ ի գիտություն հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ իշխանություն չի ներկայացնում, հետևաբար՝ նրա կողմից ստորագրումը որևէ իրավական ուժ չի կարող ունենալ ՀՀ քաղաքացիների համար: Մենք պետք է մեր համար ընդունենք որոշում, որ այն բոլոր գործառույթները, որոնք իրականացվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, նույնպես օրինականության  սկզբունքի ներքո չեն իրականացվել, ապօրինի են, հետևաբար՝ իրավական ազդեցություն չպետք է ունենան մեր ապագայի վրա: Այն հայտարարությունը, որը նա ստորագրել է,  որևիցե կերպ կապ չունի Արցախի տարածքային ամբողջականության հետ, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը իրավասու չէր Արցախի անունից ստորագրել մի փաստաթուղթ, որով հանձներ Շուշին, Հադրութը, Քարվաճառը կամ այլ շրջաններ: Նա նաև իրավասու չէ բանավոր համաձայնության հիման վրա տարածք հանձնելու»,- ասաց Փոստանջյանը:

Գևորգ Պետրոսյանն ու Զարուհի Փոստանջյանը ցածր գնահատեցին ընդդիմության աշխատանքը, որի մեջ մտնում են նաև իրենց կուսակցությունները: Փոստանջյանն առաջարկում է ստեղծել կառավարություն, և Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության փոխարեն՝ ներկայացնել ՀՀ շահերն աշխարհում:

«Երկու ամիս է՝ մենք մեղսակից ենք այս ամեն ինչին, որովհետև զուգահեռաբար չի գործել այդ կառավարչական մարմինը: Ակնհայտ է, որ չենք ունեցել ազգային իշխանություն, եթե լիներ, պատերազմը չէինք պարտվի, մեզ չէին խաբի»,- ասաց Փոստանջյանը:

«Ընդդիմությունը սխալ մարտավարություն է ընտրել՝ մարդկանց տանել հրապարակում սառեցնել, ծափ տալ, ելույթ ունենալ, «առանց Նիկոլ Հայաստան», գնալ տուն»,- ասաց Պետրոսյանը և հիշեցրեց, որ կառավարական առանձնատան առջև 40.000 մարդ էր հավաքվել, նրանց պետք չէր տուն ուղարկել:

«Ընդդիմությունը պասիվ է, մենք պետք է անցնենք անարյուն ճանապարհով կոնկրետ քայլերի»,- ասաց Պետրոսյանը:

Պատգամավորը նաև որպես լուծման տարբերակ՝ առաջարկեց, որ ուժային կառույցների բոլոր ներկայացուցիչները միարժամանակ հրաժարական տան, և Նիկոլ Փաշինյանը մնա առանց նրանց պաշտպանության, ինչից հետո վստահեցրեց, որ նա կհեռանա, ու իրենք կվերադառնան իրենց հաստիքներին: