Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) ակնկալում է, որ 2021 թվականին այս վառելիքի պահանջարկը կաճի օրական 5,9 մլն բարելով, մինչեւ օրական 95,9 մլն բարել, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մուհամմեդ Բարկինդոն կիրակի տեղի ունեցած ՕՊԵԿ+-ի տեխնիկական մոնիթորինգային կոմիտեի նիստի արդյունքներով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ 2020 թվականի դեկտեմբերի 3-ին ընդունված ՕՊԵԿ+ երկրների որոշումը հնարավորություն է տալիս առաջիկա ամիսներին աստիճանաբար շուկա վերադարձնել օրական 2 մլն բարել: Ընդ որում՝ համաձայնագրի անդամ երկրները ցանկացած պահի պատրաստ են այդ ծրագիրը շտկել կախված շուկայի վիճակից: Նա նշել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակումը լավատեսություն է ներշնչում համաշխարհային տնտեսության աճի եւ նավթի շուկայի վերականգնման նկատմամբ:

«Ակնկալում ենք, որ այս տարի նավթի պահանջարկը անկումից վերածվելու է աճի՝ օրական հասնելով 95,9 մլն բարելի, ինչը օրական 5,9 մլն բարելով ավելի է, քան 2020 թվականին»,- ասել է նա:

Երկուշաբթի՝ 2021 թվականի հունվարի 4-ին, ՕՊԵԿ+ երկրների նախարարները առցանց ռեժիմով հերթական նիստը կանցկացնեն՝ 2021 թվականի փետրվարին արդյունահանման մակարդակների մասին որոշում ընդունելու համար: Դեկտեմբերի 3-ի նախորդ հանդիպմանը նրանք պայմանավորվել էին նավթի արդյունահանումն աստիճանաբար մեծացնել՝ ոչ ավելի, քան ամսվա մեջ օրական 0,5 մլն բարելով: Դրանից առաջ տեղի կունենա ՕՊԵԿ+-ի նախարարական մոնիթորինգային կոմիտեի նիստը, որի մասնակիցները կքննարկեն նոյեմբերի գործարքի կատարման մակարդակը եւ կարող են դաշինքի երկրների համար հանձնարարական թողարկել փետրվարին արդյունահանման վերաբերյալ: