Բունդեսթագի պատգամավոր Վալդեմար Գերդտը 360 հեռուստաալիքին տված մեկնաբանությունում «ինքնասպանություն» և «անհեթեթություն» է որակել ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման նախագծից հնարավոր հրաժարումը՝ Գերմանիայում ատոմակայանների աստիճանական փակման ֆոնին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

««Հյուսիսային հոսք 2»-ից հրաժարվելը պարզապես ինքնասպանություն է: Էներգետիկայի պակասն ահռելի է: «Հյուսիսային հոսք 2»-ը չի բավարարելու Գերմանիայի էներգետիկ կարիքները: Իսկ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե մենք այն չգործարկենք»,- բացատրել է Գերդտը:

Ի հավելումն՝ պատգամավորը ենթադրել է, որ Գերմանիայի համար լուրջ խնդիր է նաև միջուկային էներգիայից հրաժարումը: Ըստ խորհրդարանականի՝ ատոմակայանը փակելու որոշումը կայացվել է «կանաչ հիստերիայի ֆոնի վրա»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Գերդտը, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում, այնուամենայնիվ, համոզմունք էր հայտնել, որ խողովակաշարի կառուցումն ավարտին կհասցվի՝ անկախ ԱՄՆ հին կամ նոր իշխանությունների արձագանքից:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը՝ նախատեսվում է, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարը Ռուսաստանն ու Գերմանիան իրար պետք է կապի Բալթիկ ծովի միջոցով: Այս պահի դրությամբ շինարարությունը դադարեցված է ամերիկյան պատժամիջոցների պատճառով, սակայն պաշտոնական Մոսկվան և Բեռլինը պարբերաբար հայտարարում են այդ նախագծի իրականացումը ավարտին հասցնելու վճռականության մասին։