Մոսկվայի մետրոպոլիտենի գիծ է դուրս գալիս կին մեքենավարների առաջին սերունդը: Այս մասին հայտնում է ՌԴ մայրաքաղաքի տրանսպորտի դեպարտամենտի Telegram ալիքը:

«Այսօր արդի պատմության մեջ առաջին անգամ Մոսկվայի մետրոյի գիծ են դուրս եկել էլեկտրագնացքի առաջին կին մեքենավարները: Մեկ տարի առաջ ուժի մեջ էր մտել ՌԴ աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարության հրամանը, որը հիմա մետրոպոլիտենին թույլ է տալիս աշխատանքի ընդունել կին մեքենավարների:

«Մոսկվայի քաղաքապետը եւ Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտը տրանսպորտի նախարարության ու աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարության գործընկերների օգնությամբ հետեւողականորեն հասել են կանանց համար «էլեկտրագնացքի մեքենավար» մասնագիտության թույլտվությանը: Հենց թույլտվությունը ստացվեց, մենք նախապատրաստական դասընթացներ ենք բացել Մոսմետրոյի առաջին կին մեքենավարների համար: Հիմա որակավորման քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո նրանք կտեղափոխեն առաջին ուղեւորներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կին մեքենավարների վարած գնացքները կընթանան մետրոյի ամենաժամանակակից գծերից մեկով՝ Ֆիլեւսկու, որի բաց հատվածը վերակառուցվել է:

Կին մեքենավարների համար մշակվում է հատուկ համազգեստ՝ կազմված ամառային եւ ձմեռային համազգեստից եւ աքսեսուարներից: Համազգեստը մշակել են հաշվի առնելով ինչպես մետրոյի գործող աշխատակցուհիների ցանկությունները, այնպես էլ տղամարդ մեքենավարների փորձը եւ մեքենավարների կին թեկնածուների կարծիքը: Կանայք իրենք են ընտրելու, թե ինչ հագուստով է իրենց ավելի հարմար վարել գնացքը՝ կիսաշրջազգեստով թե տաբատով. սեզոնային համազգեստը մշակվում է այս տարբերակները հաշվի առնելով:

«Ի դեպ, Մոսկվայի մետրոպոլիտենն արդեն հիմա աշխարհում երկրորդ տեղն է գրավում աշխատող կանանց թվով: Ձեռնարկության կոլեկտիվում 62 հազարից ավելի աշխատակից կա, որի 36 տոկոսը՝ ավելի քան 22 հազարը կին է: Համեմատության համար՝ Լոնդոնի մետրոպոլիտենում կանայք կազմում են միայն 23,5 տոկոսը, Բեռլինում՝ 19 տոկոսը, Բրյուսելում՝ 11 տոկոսը, Նյու Յորքում՝ 18 տոկոսը, Վաշինգտոնում՝ 24,1 տոկոսը:

Հաջորդ տարի մեր կին մեքենավարների շարքերը կհամալրեն ոչ պակաս, քան 50 նոր աշխատակցուհիներ: Մենք շատ ենք հպարտանում նրանով, որ Մոսկվայի տրանսպորտը տարածք է, որը բոլոր մարդկանց հասանելի է՝ անկախ սեռից»,- նշված է Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտի հաղորդագրության մեջ: