Մեծ Բրիտանիայի վարչապետը իր պաշտոնը կորցնելու ճանապարհին է. երկրի երկու հիմնական քաղաքական կուսակցություններից ոչ մեկը, հավանաբար, ընտրողների ձայների մեծամասնությունը չի ստանա հաջորդ համընդհանուր ընտրություններում, որոնք տեղի են ունենալու 2024 թվականից ոչ վաղ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով անցկացված հարցման արդյունքները:

Սա հանրային կարծիքի առաջին մանրակրկիտ հետազոտությունն է Ջոնսոնի քայլերի վերաբերյալ՝ կապված բրեքսիթի շուրջ բանակցությունների եւ COVID-19 համավարակի դեմ պայքարի հետ:

Focaldata ընկերության դեկտեմբերին անցկացրած հարցմանը մասնակցել է 22 հազարից ավելի մարդ:

Հարցումն առաջին անգամ հրապարակել է Sunday Times պարբերականը:

Հարցման արդյունքներով պարզվել է, որ իշխող պահպանողականները խորհրդարանում 81 տեղ կկորցնեն: Արդյունքում պահպանողականները կստանան 284 տեղ, իսկ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը կստանա 282 տեղ:

Ըստ կանխատեսումների՝ Շոտլանդական ազգային կուսակցությունը կստանա Շոտլանդիայում 59 տեղից 57-ը, ինչը նշանակում է, որ կուսակցությունը կարող է առանցքային դերակատարում ունենալ հաջորդ կառավարության ձեւավորման մեջ:

Հարցումը ցույց է տվել, որ վարչապետը ենթակա է սեփական պաշտոնը կորցնելու վտանգին: