Հանրապետական 11 սենատորներ շաբաթ հայտարարել են հաջորդ շաբաթ ընտրողների ձայների հաշվարկի դեմ քվեարկելու մտադրության մասին, երբ Կոնգրեսը հաստատելու է ընտրված նախագահ Ջո Բայդենի հաղթանակը, հայտնում է CNN-ն:

Սենատում ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ մտադիր են դեմ հանդես գալ Ընտրիչների կոլեգիայում քվեարկությանը՝ այն փոխանցելու դեպքում, եւ ընտրական հանձնաժողովին առաջարկել անցկացնելու «վիճելի նահանգներում» ընտրությունների արդյունքների 10-օրյա շտապ ստուգում: Սենատորների խմբի մեջ են մտել Թեդ Քրուզը, Ռոն Ջոնսոնը, Ջեյմս Լենքֆորդը, Սթիվ Դեյնսը, Ջոն Քենեդին, Մարշա Բլեքբեռնը եւ Մայք Բրաունը, ինչպես նաեւ նորընտիր սենատորներ Սինտիա Լամիսը, Ռոջեր Մարշալը, Բիլ Հագերթին եւ Թոմի Թուբերվիլը:

«Արդարացի եւ վստահության արժանի, օպերատիվորեն անցկացված աուդիտը, որը կավարտվեր հունվարի 20-ից շատ առաջ, զգալիորեն կամրապնդեր ամերիկացիների հավատը մեր ընտրական գործընթացի հանդեպ եւ զգալիորեն կմեծացներ նրա լեգիտիմությունը, ով դառնալու է մեր հաջորդ նախագահը»,- նշված է սենատորների հայտարարության մեջ:

Հանրապետական սենատորներն իրենց հայտարարության մեջ նաեւ նշում են, որ հունվարի 6-ին Կոնգրեսում քվեարկությունը «միակ սահմանադրական իշխանությունն է ընտրողների ձայների լուրջ կեղծումների բազմաթիվ մեղադրանքների քննարկման եւ ուժով լուծման համար»:

«Փոխնախագահ (Մայք) Փենսը համաձայն է վերջին ընտրություններում քվեարկության արդյունքների կեղծումների եւ խախտումների վերաբերյալ միլիոնավոր ամերիկացիների մտահոգությանը: Փոխնախագահը ողջունում է Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի անդամների ջանքերը՝ ուղղված լիազորությունների օգտագործմանը, որոնցով իրենք օրենքով օժտված են, առարկությունները առաջ քաշելու եւ հունվարի 6-ին Կոնգրեսին ու ամերիկացի ժողովրդին ապացույցներ ներկայացնելու համար»,- CNN-ին ասել է ԱՄՆ փոխնախագահի շտաբի պետ Մարկ Շորթը: