Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շթայնիցը «անհեթեթություն» է որակել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի մեղադրանքը, որի համաձայն Իսրայելը ԱՄՆ-ի դեմ սադրանքներ է պատրաստում, փոխանցում է Reuters-ը:

Շթայնիցի խոսքով՝ հենց Իսրայելը պետք է զգոնություն պահպանի՝ կապված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության տարելիցին Իրանի կողմից հնարավոր հարձակումների հետ:

Իսրայելի էներգետիկայի նախարարի կարծիքով՝ Զարիֆի արտահայտությունները ցույց են տալիս, որ Իրանը ԱՄՆ պատժամիջոցների խստացումից հետո, որոնք սահմանվել էին որպես նրա միջուկային ծրագիրը եւ տարածաշրջանային հակամարտությունների գոտիներում մասնակցությունը զսպող գործոններ, գտնվում է «ճնշման տակ՝ տնտեսական ճնշման եւ ազգային անվտանգության տեսակետից ճնշման»:

«Մենք Զարիֆից լսում ենք այն անհեթեթությունը, որ Իսրայելը ԱՄՆ-ի վրա ահաբեկչական հարձակումներ կսկսի: Սա իսկապես բացարձակ անհեթեթություն է»,- ասել է Շթայնիցը Kan ռադիոյի հետ հարցազրույցում:

«Բայց մյուս կողմից՝ սա նախազգուշացում է այն մասին, որ Իրանը թիրախավորում է Իսրայելը, արդարացում է փնտրում, որ Իսրայելի վրա ճնշում գործադրի, ուստի մենք պետք է ձեռքը զարկերակի վրա պահենք եւ լինենք մարտական պատրաստականության ամենաբարձր մակարդակում»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախօրեին հայտնել էր Իսրայելի կողմից ԱՄՆ-ի վրա հնարավոր հարձակումների մասին: ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված համապատասխան նախազգուշացումը նա շաբաթ տեղադրել էր իր Twitter-յան էջում:

«Իրաքից նոր հետախուզական տվյալները վկայում են այն մասին, որ իսրայելցի սադրիչ գործակալները հարձակումներ են ծրագրում ամերիկացիների դեմ՝ հեռացող Թրամփին դնելով անելանելի վիճակում պատերազմի կեղծ պատճառով: Դոնալդ Թրամփ, զգուշացեք ծուղակից»,- նշել էր Զարիֆը:

Նա հավելել էր, որ «ցանկացած հրավառություն» կհանգեցնի տխուր հետեւանքների, հատկապես «լավագույն բարեկամների» համար: