Թաիլանդում գրանցվել է Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամով վարակման առաջին 4 դեպքը, հայտնում է Thai PBS հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ կորոնավիրուսի մուտացիան հայտնաբերվել է Թաիլանդ ժամանած ընտանիքի մոտ, որի անդամները Մեծ Բրիտանիայի 4 քաղաքացիներ են, նրանք ներկայումս մասնավոր հիվանդանոցում դեռ կարանտինի մեջ են:

SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիան Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է դեկտեմբերի կեսին: Ավելի ուշ Բրիտանիայում նոր եւ շնչառական վիրուսի կողմից առաջացող սպառնալիքների հարցերով խորհրդակցական խորհուրդը հաստատել էր, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը մեծ արագությամբ է տարածվում եւ բնակչությունից պահանջում է է՛լ ավելի մեծ զգուշություն: Չնայած վիրուսի նոր տարբերակը, նախնական գնահատականներով, կարող է սովորականից 70 տոկոսով ավելի վարակիչ լինել, առայժմ ոչ մի բան չի վկայում այն մասին, որ այն ավելի վտանգավոր է մահացության կամ հոսպիտալացման տեսակետից: