ԱՄՆ հեռուստատեսության վետերան, հաղորդավար Լարրի Քինգի մոր կորոնավիրուս է ախտորոշվել, ինչի պատճառով նա հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է ABC-ն՝ սեփական իրազեկ աղբյուրներին հղումով:

Նշվում է՝ 87-ամյա Քինգն ավելի քան 1 շաբաթ է, ինչ բուժում է ստանում Լոս Անջելեսի Cedars-Sinai բժշկական կենտրոնում:

Հիվանդանոցում արգելել են Քինգի հարազատներին այցելել նրան:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում Լարրին պայքարում էր մի քանի հիվանդությունների դեմ և հիմա էլ այս հիվանդության դեմ է համառ պայքարում: Նա ուղղակի չեմպիոն է», – ասել է լրատվամիջոցի աղբյուրը:

Հիշեցնենք՝ հայտնի հեռուստահաղորդավարը 2017-ին խոսել է թոքերի քաղցկեղի դեմ իր պայքարի մասին: 2019-ի ապրիլին նա ենթարկվել է անգիոպլաստիկ միջամտության (ներանոթային միջամտություն է, որը կիրառվում է նեղացած կամ խցանված անոթների լուսանքը լայնացնելու համար, սովորաբար աթերոսկլերոզի ժամանակ,- Tert.am), իսկ անցյալ տարի ինսուլտ էր տարել:

Բացի այդ՝ Քինգի մոտ ախտորոշված է շաքարային դիաբետ:

Հիշեցնենք՝ Քինգն անցյալ տարվա ընթացքում մի քանի շաբաթ տարբերությամբ կորցրել էր իր 5 երեխաներից 2-ին: Օգոստոսին նրա որդին՝ Էնդի Քինգը, 65 տարեկանում մահացել էր սրտամկանի ինֆարկտի, իսկ հուլիսին դուստրը՝ Չայա Քինգը, 51 տարեկանում մահացել էր թոքերի քաղցկեղի պատճառով: