Շուշան Սիմոնյանի ավագ որդին՝ Նվեր Սիմոնյանը, զոհվել էր Ապրիլյան պատերազմի ժամանակ եղբոր՝ Ազատի ձեռքերի վրա։ Երրորդ որդին՝ Դրաստամատը, մասնակցել էր Արցախյան երկրորդ պատերազմին։ Պատերազմի ավարտից հետո՝ տուն գնալու ճանապարհին, Դրաստամատը ավտովթարի ենթարկվեց և զոհվեց։

«Մեծ որդիս՝ Նվերը, պայմանագրային զինծառայող էր։ Զոհվեց Ապրիլյան պատերազմի ժամանակ, 26 տարեկան էր։ Ազատս էլ էր որպես պայմանագրային զինծառայող մասնակցել պատերազմին։ Մոտեցել է եղբորը, մտածել է` վիրավոր է, չի պատկերացրել, որ եղբայրը հենց իր ձեռքերի մեջ է մահանալու։ Նվերիս շատ դժվար եմ ծննդաբերել։ Բժիշկն ասաց՝ ձեր երեխան Աստծու նվեր է, ես էլ անունը Նվեր դրեցի։ Նվերս նշանված էր, երազում էին զույգ երեխա ունենալ։ Նվերի մահվանից 1 տարի անց նշանածն ամուսնացավ ու զույգ երեխա ունեցավ։