ՀՀ Կառավարության 2020 թվականի որոշման համաձայն Հայաստանում հայտարարված կարանտինը կավարտվի հունվարի 11-ին։ Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ Հայաստանի ամբողջ տարածքում սահմանվում է կարանտին:

Որոշման մեջ նշվում է, որ միջոցառումները և սահմանափակումները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով՝ այդ օրենքներով նախատեսված մարմինների կողմից:
Որպես հիմնավորում հիշեցվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտին հայտարարել է կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համավարակ, և ամբողջ աշխարհում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, ինչպես նաև ԱՀԿ նախազգուշացումը համավարակի երկրորդ ալիքի վտանգի մասին:

Այս ամբողջ ընթացքում դիմակների կրումը բաց և փակ տարածքներում պարտադիր էր։ Բացի այդ գործում էր մի շարք երկրների հետ օդային և ցամաքային փակ սահմանը։ Թե ինչ որոշում է կայացնելու գործադիրն ավարտվող կարանտինի պայմաններում դեռեւս հայտնի չէ։ Կառավարության 2021 թվականի անդրանիկ նիստը նախատեսված է հունվարի 14-ին՝ հինգշաբթի օրը։ Սակայն չի բացառվում, որ մինչ այդ արտահերթ նիստ հրավիրվի և նոր որոշում կայացվի։

Irakanum.am