Լիբանանի Middle East Airlines (МЕА) ավիաընկերության առնվազն չորս օդանավ վնասվել է ամանորյա գիշերը  «հրազենային հրավառության» հետեւանքով, հաղորդում է Sky News Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով ընկերության վարչակազմում աղբյուրին: Նրա տեղեկություններով՝ տեխզննում անցկացնելուց հետո մասնագետները որոշել են օգտագործել միայն մեկ ինքնաթիռ:

Հրազենից կրակելու միջոցով իրենց ուրախությունն են արտահայտել Նոր տարվա կապակցությամբ Բեյրութի հարավային շրջանի բնակիչները, որը մոտ է Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այդուհանդերձ, երկրի արեւելքում՝ Բալբեք քաղաքի հոսպիտալում, մահացել է սիրիացի կին, որը ծանր վնասվածք էր ստացել ամանորյա հրաձգության ժամանակ: Ավելի վաղ բժիշկները նույն հոսպիտալում օգնություն էին ցուցաբերել երեք տուժածներին: Երկրի հարավում վիրավորվել է դեռահաս, կան վիրավորվածներ նաեւ Լիբանանի հյուսիսում՝ Տրիպոլի քաղաքում, որտեղ  ձերբակալվել է յոթ իրավախախտ, որոնք օդ են կրակել ինքնաձիգներից: