Այսօր՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում,Երևանի բնակիչ, 26-ամյա Դավիթ Սմբատյանն իր վարած Porsche Panamera մակնիշի 17 RD 777 համարանիշի ավտոմեքենայով, Նոր-Նորքի թաղապետարանի հարևանությամբ գտնվող Նելսոն Ստեփանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Հարվածի արդյունքում ծառը մի քանի տեղից կոտրվել էր:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Դ. Սմբատյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 27-ամյա Դավիթ Պողոսյանը, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վարորդին և ուղևորին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գտնվող Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հանրակացարանում բնակվող բժիշկ-ուսանողները: Վարորդը հիվանդանոցում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: