Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել մինչև 2021 թվականի հունիսի 30-ը «Հանրային առողջության մասին» օրենքի փոփոխությունների ժամկետը երկարաձգելու մասին օրինագծին։ Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն:

Ըստ այդմ՝ կառավարությունն իրավունք կունենա սահմանափակումներ մտցնել կորոնավիրուսային համավարակի ընթացքում՝ առանց արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու:

Օրենքի փոփոխությանը կողմ է քվեարկել է 83 պատգամավոր:

Նոր օրենքի համաձայն՝ ելնելով իրավիճակից և անհրաժեշտությունից, երկրի գործադիր իշխանությունն իրավունք ունի սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը, նրանց աշխատանքային և տնտեսական գործունեությունը, ինչպես նաև արգելել զանգվածային սոցիալական միջոցառումների անցկացումը և այլն:

Բացի այդ՝ երկրի իշխանություններն իրավունք կունենան մարդկանց ուղարկել կարանտինի կամ մեկուսացման: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ոք, որն ուղարկվում է մեկուսացման կամ կարանտինի, իրավունք կունենա օգտվել փաստաբանի ծառայություններից, տեղեկացնել հարազատներին և գործատուին գտնվելու վայրի մասին, ինչպես նաև իմանալ կարանտինի ուղարկվելու պատճառների մասին:
Նշենք, որ ներկայում Վրաստանում խիստ սահմանափակումներ են ներդրված: Երկիրը արգելքներ է մտցրել միջքաղաքային փոխադրումների և հասարակական տրանսպորտի համար, գործում է պարտադիր դիմակային ռեժիմ, մարզադահլիճները, սրճարանները և ռեստորանները չեն գործում, իսկ մշակութային միջոցառումներն ընդհանրապես արգելվում են:

Նախատեսվում է ավելի խիստ սահմանափակումներ մտցնել հունվարի 3-ին, երբ Ամանորի արձակուրդների ընթացքում ժամանակավորապես բացված խանութները ևս կփակվեն:

Հիշեցնենք՝ երկրում փոփոխություններն ընդունվել էին մայիսի 22-ին՝ արտակարգ դրության ավարտից հետո, մինչև հուլիսի 15-ը ժամկետով:

Հուլիսին Վրաստանի օրենսդիր մարմինը փոփոխությունները երկարաձգել էր մինչև 2021 թվականի հունվարի 1-ը ներառյալ: