Նոյեմբերի 9-ի ապօրինի, միջազգային իրավունքի հիմնադրույթներին հակասող՝ բռնի ուժի կիրառմամբ եւ պատերազմի սպառնալիքով պարտադրված եռակողմ հայտարարությունը Հայաստանի պետականությանը եւ միջազգային հանրությանը նետված մարտահրավեր է: Այս մասին հայտարարություն են տարածել 7 քաղաքական կուսակցություններ:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս հարցում 28 տարվա մեջ առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողների մոտեցումների մեջ կան առանցքային տարբերություններ. ուղիղ 100 տարի անց կրկին բախվել են ռուս-թուրքական եւ արեւմտյան քաղաքակրթական պատկերացումները, տարածաշրջանային շահերը եւ տեսլականները:

Ըստ այսմ, ողջունելով Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի ընդունված բանաձեւերը, ինչպես նաեւ այլ երկրների նույնաբովանդակ հայտարարությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան եւ ֆրանսիական համանախագահների տարածաշրջանային այցը, հայտարարում ենք.

1. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ամենեւին չի նշանակում «Ղարաբաղյան կոնֆլիկտ հասկացության վերացում». Արցախյան հակամարտությունը կարող է լուծվել բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

2. Հայաստանի պետությունը Ադրբեջանի հետ համակեցությունը կարող է հիմնել միայն արցախահայության ինքնորոշման իրավունքի ճանաչման վրա:

3. Հայաստանի պետությունը պարտավոր է, օգտագործելով ԱՄՆ, Եվրամիության եւ մասնավորապես Ֆրանսիայի աջակցությունը, կառուցել անվտանգության նոր համակարգ եւ դրա շնորհիվ հասնել Արցախի Հանրապետության ճանաչման ու տարածաշրջանում խաղաղության հաստատման:

4. Քանի որ պատերազմ տանուլ տված եւ կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած Կառավարությունն անզոր է հանդես գալ արժանապատվության եւ իրավունքի դիրքերից, պետք է րոպե առաջ հասնել ժողովրդին երկրի տերը դարձնող Սահմանադրության ընդունմանը եւ դրան համապատասխանեցված ընտրական օրնեսգրքով նոր իշխանությունների ձեւավորմանը:

5. Նպատակ ունենալով խափանել տարածաշրջանի ռուս-թուրքական բաժանման նոր գործընթացը եւ մերժելով նախորդ դրածո ռեժիմի սպասարկուների հավակնությունները՝  կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին համախմբվել պետականությանը նետված մարտահրավերը հաղթահարելու:

Միայն իմաստնության, լրջության, ազնվության եւ նորացվող աշխարհի տրամաբանությանը համահունչ քաղաքականության դեպքում Հայաստանը կարող է դառնալ այդ աշխարհի առաջամարտիկներից:

ՀԱՅԿ  ԳՐԻԳՈՐՅԱՆ /«Ազգային առաջընթաց» կուսակցություն

ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ  /«Ազգային ինքնորոշում» միավորում

ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ /Հայ կառուցողական կուսակցություն

ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ  /«Հայրենիք եւ պատիվ» կուսակցություն

ԱՐՏՅՈՄ ԽԱՉԻԿՅԱՆ /«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն