Կրեմլն անկեղծորեն կցանկանար կարգավորել հարաբերությունները Կիևի հետ, բայց մինչ այժմ չի տեսնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի համապատասխան քաղաքական կամքը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք առայժմ չենք տեսնում և չենք լսում մեր երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ որևէ քաղաքական կամքի մասին, ինչը մենք կցանկանայինք: Սա մեկ: Եվ երկրորդ. մենք, ցավոք, չենք տեսնում Մինսկի  ու Փարիզի պայմանավորվածությունները կյանքի կոչելուն ուղղված որևէ քաղաքական կամք»,-լրագրողներին ասել է Պեսկովը:

Նա ընդգծել է, որ «բարձր մակարդակի զրույցի համար պետք է գոնե նախադրյալներ հասունանան»:

«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ նախագահ Պուտինն անձամբ բազմիցս ասել է, որ մենք շահագրգռված ենք մեր բոլոր հարևանների, այդ թվում ՝ Ուկրաինայի հետ հարաբերությունների կարգավորմամբ»,-ավելացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: