ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի էջում հրապարակվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը «քացով տալիս» քաղաքացուն, իսկ ԱԺ իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ հարձակվում քաղաքացու վրա։

Ստորև ներկայացնում ենք ՀՅԴ Երևանի ՔԿ հրապարակումը՝ կից տեսանյութով:

Արձագանքելով մեր նախորդ գրառմանը, քաղաքացիներ մեզ ուղարկել են RUPTLY-ի Youtube-ի էջից մի հոլովակի կապ, որտեղ բացահայտորեն երևում է, թե ինչպես է ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը «քացով տալիս» քաղաքացուն (ներող կլինեք ոչ այնքան քաղաքավարի բնութագրման համար)։ Հաջորդիվ երևում է ԱԺ անդամ Սիսակ Գաբրիելյանի հարձակումը քաղաքացու վրա։
Հոլովակը կարելի է դիտել ներքոնշյալ հղմամբ, իսկ Սարգիս Հովհաննիսյանի «քաջագործությունը»՝ տեսնել 13-րդ վայրկյանին:

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած բողոքի ակցիւաների ժամանակ բերման ենթարկված և 3 ժամ անց ազատ արձակված ցուցարարներից մեկը Yerkir.am-ի հետ զրույցում փաստել էր, որ իրավապահ համակարգի նշված պաշտոնյան իրեն պահել է փողոցային խուժանի նման: Նա սեռական բնույթի հայհոյանքներ է տեղացել բողոքի ակցիայի մասնակիցների հասցեին՝ անձնապես վիրավորելով բոլորին: