Yerkir.am-ը գրում է. «Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ԱԺ շենքի մոտից ցուցարարներին բերման ենթարկելու հրահանգ է տալիս անձամբ ՊՊԾ նորանշանակ պետ Սարգիս Հովհաննիսյանը:

Բերման ենթարկված եւ 3 ժամ անց ազատ արձակված ցուցարարներից մեկը Yerkir.am-ի հետ զրույցում փաստել է, որ իրավապահ համակարգի նշված պաշտոնյան իրեն պահել է փողոցային խուժանի նման: Նա սեռական բնույթի հայհոյանքներ է տեղացել բողոքի ակցիայի մասնակիցների հասցեին՝ անձնապես վիրավորելով բոլորին:

Ստացվում է՝ Փաշինյանի իշխանությունը համակարգ է հրավիրում փողոցային վարքագծի տեր, սրբություն եւ հայրենիք չճանաչող այնպիսի անձանց, որոնք տեղում կհրահրեն սադրանքներ, եւ որի արդյունքում մարդկանց բերման ենթարկելու «հիմքեր» կառաջանան:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել էին ՀՀ Ազգային ժողովի շենքի մուտքերի առջեւ, կազմել «ամոթի պատ» եւ շենք մտնող իմքայլական պատգամավորներին հատուկ վերաբերմունքի են արժանացնում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բազմաթիվ բերման ենթարկվածների թվում են նաեւ ՀՅԴ ՀԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանն ու ՀԳՄ անդամներ Աշոտ Սիմոնյանը, Արծվիկ Մինասյանը եւ Հակոբ Մաթիլյանը»։