Իշխանության կոնկրետ պաշտոնյաներ եկեղեցու դեմ երեկվա գործողությունների նախաձեռնողները, կազմակերպողները, քարոզողներն էին, վերջում հասկանալով, որ ժողովրդային ընդվզումը շատ մեծ է, վախեցան նույնիսկ մի քանի տասնյակ կմ մոտ գալ Մայր Աթոռին, Վեհափառին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Իշխանությունը թող չփորձի ասել՝ գիտեք, ես տեղյակ չեմ, իշխանության կոնկրետ պաշտոնյաներ եկեղեցու դեմ երեկվա գործողությունների նախաձեռնողները, կազմակերպողները, քարոզողներն էին, վերջում հասկանալով, որ ժողովրդային ընդվզումը շատ մեծ է, վախեցան նույնիսկ մի քանի տասնյակ կմ մոտ գալ Մայր Աթոռին, Վեհափառին, երբ հազարավոր քաղաքացիներ այնտեղ ինքնաբուխ հավաքվել էին։ Էջմիածնում երեկ կարելի էր տեսնել, թե ինչպիսին է լինում ժողովրդային եկեղեցին եւ ինչ է պատահում, երբ իշխանությունը փորձում  է եկեղեցու դեմ անբարոյական արշավ սկսել»,- նշեց Մանուկյանը։

Հարցին, թե Հայրենիքի փրկության շարժման մասնակիցներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ  «Իմ քայլը» խմբակցության անդամներին  պետք է ստիպեն, որ նիստ հրավիրվի, ռազմական դրությունը չեղարկվի, որպեսզի հնարավոր լինի վարչապետին անվտսահություն հայտարարել, ի՞նչ ընթացքում են այդ աշխատանքները,  Գեղամ Մանուկյանն ասաց, որ դրանք շարունակվում են, ամեն ինչի մասին չի, որ լուսաբանում են։

«Ես կարող եմ «Իմ քայլից» առնվազն մեկ տասնյակ պատգամավորի անուն տալ, որոնք ասում եմ, որ խմբակցությունից դուրս չեն գալիս, որովհետեւ «Իմ քայլում» կան այնպիսի անմեղսունակ պատգամավորներ, որոնք պատրաստ են ամեն ինչի։ Պատգամավորներն ասում են՝ մենք շարունակում ենք մնալ «Իմ քայլում», որպեսզի իրավիճակ փոխենք, որովհետեւ խմբակցությունում տասնյակներով  պատգամավորներ կան, որոնց աշխատանքային կենսագրության առաջին տողը սկսվում է պատգամավոր լինելուց, եւ նրանք իրենց ամբողջ կյանքում  երախտապարտ են Փաշինյանին եւ ստրուկի պես ծառայում են»,- ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, անուններ հնչեցրեք, թե ովքեր խմբակցությունից դուրս չեն գալիս իրավիճակ փոխելու համար, Գեղամ Մանուկյանն ասաց, որչի կարող, որովհետեւ չի համաձայնեցրել այդ պատգամավորների հետ։