Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան՝ մասնակցելու ռուս-թուրքական համագործակցության խորհրդի շրջանակներում իրականացվելիք միջոցառմանը:

Ինչպես հաղորդում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախատեսվում է, որ նախարարները մանրամասն կքննարկեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ եռակողմ հայտարարության իրականացմանն առնչվող ընթացիկ հարցերը:  Շեշտը կդրվի հնարավոր ռազմական բախումների ռիսկերը նվազեցնելու և կողմերին հումանիտար օգնություն տրամադրելու վրա:

«Ուշադրության կենտրոնում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարի վերահսկողության համատեղ ռուս-թուրքական կենտրոնի գործունեության ծրագրումը: Տվյալ կենտրոնը դիտարկում ենք որպես օժանդակ տարր հետհակամարտային կարգավորման հարցում՝ ի լրումն ռուսական խաղաղապահ առաքելությանն ու այլ միջոցառումներին: Կենտրոնի առաջադրանքն է, ինչպես հայտնի է, իրավիճակի մոնիթորինգ իրականացնել տեսողական դիտարկման մեթոդներով, մասնավորապես՝ տեղեկությունների հավաքում և խախտումների մասին տվյալների ստուգում անօդաչու թռչող սարքերի օգնությամբ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխմամբ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: