Հայաստանում նախատեսվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում՝ 3 դրամի չափով, սակայն այս փոփոխությունը կվերաբերի միայն բնակիչ սպառողների 10 տոկոսին, բիզնեսին, որոնք սպառում են ամսական 400 կվտ/ժամից ավելի էլեկտրաէներգիա: «Արմենպրես»-ի հետ զրույցում նախատեսվող թանկացմանն ու դրա պատճառներին անդրադարձավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը:

Անդրադառնալով բացասական գործոնային ազդեցություններին՝ Ուլիխանյանը մասնավորապես նշեց, որ փոխվել է էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքը: «2021-ի ընթացքում ատոմակայանը պետք է ավելի երկարատև կանգնի՝ շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով նորոգման աշխատանքների համար: Արդյունքում շուրջ 560 մլն կվտ/ժամ պակաս էլեկտրաէներգիա է առաքելու, քան նախատեսված էր գործող սակագնի հաշվարկում: Այդ 560 մլն կվ/ժամը փոխարինվելու է ՋԷԿ-երի արտադրանքով»,-ասաց նա:

Նաև կանխատեսվում էր, որ Արցախից 330 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա ներկրելու հնարավորություն կլինի, սակայն պատերազմական գործողություններից հետո դա հնարավոր չէ: «Գերակշիռ մասը, ինչքան գիտեմ, մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Արդյունքում էլեկտրաէներգիան՝ թե ատոմակայանի պակաս առաքած, թե այն, որը հնարավոր էր ներկրել Արցախից, փոխարինվում են ՋԷԿ-երով, որոնք ավելի թանկ են: Եվ դա ընդհանուր համակարգի վրա բերում է բացասական ազդեցություն, խոսքը 16.5 մլրդ դրամի մասին է, ինչն էլ վերջնական սպառողի սակագնի վրա 3.4 դրամ է արժենում»,-ասաց վարչության պետը:

Իրենց ազդեցությունն են թողել նաև մի շարք այլ գործոններ: Օրինակ, արտարժույթի փոխարժեքի փոփոխությունը թողնում է մոտ 4.6 մլրդ դրամի ազդեցություն: Վերջին տարում համակարգում իրականացվել են ներդրումներ, որոնք ևս պետք է փոխհատուցվեն սակագներով: Ավելանալու են նաև ծրագրերի իրականացման համար կառավարության երաշխիքով ներգրավված արտոնյալ վարկի մայր գումարների մարման, սպասարկման ծախսերը՝ ըստ վարկային պայմանագրերի: Ուլիխանյանը հիշեցրեց նաև տարվա ընթացքում իրականացված գազի սակագնի փոփոխություն մասին, որը ևս իր ազդեցությունն ունի: Նրա խոսքով՝ բացի այդ, վերջին 12 ամսվա ընթացքում արտադրության կառուցվածքի շեղումներով պայմանավորված՝ լրացուցիչ վնաս է առաջացել համակարգում, որի փոխհատուցումը ևս պետք է իրականացվի:

Անդրադառնալով դրական գործոններին՝ Ուլիխանյանը նշեց բաշխիչ ցանցում էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցման մասին: «Դա գործող սակագնում 11.03 տոկոս է, ներկայում նախատեսվում է 7.5 տոկոս: Սա 8.5 մլրդ դրամի էֆեկտ է բերում: Նաև համակարգում շահագործման, պահպանման ծախսերի վերանայման արդյունքում մոտ 4.7 մլրդ դրամի ծախսերի կրճատում է տեղի ունեցել»,-ասաց նա:

Արդյունքում, այս բոլոր դրական, բացասական գործոնների արդյունքում համակարգի ընդհանուր ճեղքվածքը կազմել է 25.9 մլրդ դրամ: Դա սպառողի համար համարժեք է 1կվտ/ժամի համար 5.35 դրամի: «Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի վարկային ծրագրի մասով սակագներում նախատեսված էին գումարներ: Այս ծրագրի հետաձգմամբ պայմանավորված՝ այդ գումարները չէին ծախվել, մոտ 6.7 մլրդ դրամ կուտակված գումար կար սակագնում: Այդ 25.9 մլրդ դրամի մի մասը դրանով փոխհատուցվեց: Եվ կառավարության հետ քննարկումների ընթացքում նաև ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով ներգրաված վարկի գումարների մարման ծախսերը մասնակի պետք է վերաֆինանսավորվեն, մոտ 8.2 մլրդ դրամ էլ դա է: Արդյունքում այդ 25.9 մլրդ դրամը հնարավոր եղավ նվազեցնել այդ երկու աղբյուրի հաշվին: Ճեղքվածքը մնաց 11 մլրդ դրամ»,-ասաց Ուլիխանյանը:

Այդ 11 մլրդ դրամի փոխհատուցումը պետք է իրականացվի սպառողների համար սակագնի բարձրացմամբ, ստացվում է 1 կվտ/ժամի համար՝ 2.27 դրամ: Ուլիխանյանը պարզաբանեց՝ եթե բոլոր սպառողների համար սակագինը բարձրացվի, ապա կբարձրացվի 2.27 դրամով: Սակայն քննարկումների արդյունքում որոշվել է սակագների որոշակի տարբերակում դնել: Այսպիսով` սակագինն անփոփոխ կմնա սպառողների համար, որոնք ամիսը մինչև 400 կվտ/ժամ են սպառելու, նաև սոցիալապես անապահով սպառողների համար: «Իսկ 400 կվտ/ժամից ավելի սպառող բնակիչների և ոչ բնակիչ բաժանորդների համար թանկացումը 2.27 դրամի փոխարեն կազմում է 3 դրամ: Բնակիչների մոտ 10 տոկոսի մոտ է թանկացում լինելու, 90 տոկոսի համար սակագինը մնալու է նույնը»,-ասաց Ուլիխանյանն ու հավելեց՝ այսպիսով սակագինը կթանկանա բնակչության 10 տոկոսի, բիզնեսի համար: