Օրըստօրե մենք լրջագույն հարվածներ ենք ունենում  մեր ինքնության հիմնասյուններին:  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Այս պահի դրությամբ մեր եկեղեցին երեւի թե ամենակարեւորագույն հիմնասյուններից է, որ մնացել է, մենք, ցավոք սրտի, ունենք  լրջագույն խնդիրներ ունենք պետական իսնտիտուտների հետ եւ անձամբ ինձ համար զարմանալի չէր, որ ինչ-որ շրջանակներ, ես ունեմ պատկերացումներ, թե որ շրջանակներն են ու դրանք բավականին լավ քողարկված են, սկսեցին արշավ եկեղեցու դեմ դա ներկայացնելով կոնկրետ անձանց` Գարեգին Վեհափառի դեմ, բայց իրականում այդ արշավը ոչ թե Գարեգին  Վեհափառի դեմ է, այլ եկեղեցու դեմ է եւ հայ առաքելական եկեղեցու յուրաքանյուր հետեւորդի դեմ է»,- ասաց նա` նշելով, որ ատելության կոչերի պատճառով է, որ ինքը եւ բազմաթիվ քաղաքացիներ եկել են Էջմիածին:

Մելիքյանը նշեց, որ եկեղեցու դեմ կոչեր անող քաղաքացիները այդպես էլ չհավաքվեցին, մի քանի հոգի էին ընդամենը եկել, որոնց էլ ոստիկանությունը կարգի հրավիրեց:

Մելիքյանի խոսքով` առաջին անգամ է, որ 2 կաթողիկոսները պահանջում են վարչապետի հրաժարականը, ինչն աննախադեպ երեւույթ է. «Սա ողջունելի երեւույթ է, որովհետեւ իսկապես մեր եկեղեցին պետք է շատ ավելի մեծ, կարեւոր դերակատարում ստանձնի մեր պետությունում: Եկեղեցին նաեւ կարեւոր դեր պետք է ունենա սոցիալական պետության հարցերում եւ ես ողջունում եմ այս կեցվածքը, որը դրսեւորվեց եկեղեցու կողմից»: