Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժել է օրեր առաջ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում զինված հեղաշրջում կատարելու և արյուն թափելու կոչ արած անձի՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ս․Կ․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը եւ հավելել.

«Դատարանն այս որոշումը կայացրել է՝ ըստ էության, մի իրավիճակում, երբ հրապարակում հայտարարությունն արվել է ուղիղ և բաց տեքստով, առանց այլևայլությունների, առանց որևէ երկիմաստության, մեկնաբանելիության տեղ չթողնելով։ (Տես՝ կից տեսանյութը);

Դատարանն այս որոշումը կայացրել է մի իրավիճակում, երբ ակնհայտ է պատերազմից հետո հանրապետությունում մեծ թվով ապօրինի զենք, զինամթերքի առկայությունը, ինչը փաստվել է տասնյակ նման դեպքերի բացահայտմամբ, դրանց առթիվ հարուցված քրեական գործերով և բազմաթիվ ներգրավված մեղադրյալներով։

Դատարանը համարել է, փաստորեն, որ այդ ամենը զենքի կիրառմամբ հանցագործությունների, այդ թվում նաև սահմանադրական կարգի տապալման, իշխանության հնարավոր բռնազավթման համար որևէ ռիսկ իր մեջ չի պարունակում և նմանատիպ հայտարարությունները, օրինակ, չեն կարող որևէ պարագայում դետոնատորի դեր կատարել։ Եվ դա՝ պատերազմի արդյունքներով պայմանավորված՝ երկրում ստեղծված քաղաքական գերլարվածության պայմաններում, փոխադարձ ատելության, տողատակային կամ երբեմն ուղղակիորեն արտահայտվող բռնությունների կամ բռնությունների կիրառումն արդարացնող կոչերի ֆոնին։

Կարելի էր ասել՝ առանց մեկնաբանությունների։ Բայց մենկնաբանելու բան, գուցե, իսկապես կա։ Ի՞նչ է, հետևապես, ենթադրում նախաքննական մարմինների, դատախազության կողմից ներկայացվող նման միջնորդությունները հետևողականորեն մերժելու այս ընդգծված և անթաքույց մոտեցումը։

Գուցե դատարանները համարում են, որ կան իրավիճակներ, երբ իրավաբանությունն անպետք կատեգորիա՞ է, և պետք է այն հարմարեցնել քաղաքական կոնյուկտուրայի քամիների ուղղությունների՞ն, թե՞ իսկապես համարում են, որ նման աղաղակող փաստերի ու ռիսկերի առկայության պայմաններում, նման որոշումը չի ընկալվելու որպես երկրում զինված հեղաշրջում իրականացնելու, արյուն թափելու ուղղակի կոչեր հնչեցնելն առնվազն յուրօրինակ կերպով արդարացնելու, ընդունելի համարելու «քարտ բլանշ» դատաիրավական համակարգի կողմից։

Դատախազությունն, իհարկե, որոշմանը ծանոթանալուց հետո, ըստ ամենայնի, կբողոքարկի այն՝ ելնելով առաջին հերթին հնարավոր հանցավոր նոր դրսևորումները թույլ չտալու, կանխելու անհրաժեշտութունից և կորոշի կարգապահական վարույթ նախաձեռնելու հարցը։

Սակայն տվյալ դեպքում էականը դա չէ։ Այլ այն, որ Աստված մի արասցե, հնարավոր զինված հեղաշրջում կամ դրա փորձ, արյունալի իրադարձություններ տեղի ունենալու դեպքում, ինչպես միշտ, սկսելու ենք տենդագին դրա պատճառները փնտրել ու վերլուծել»: