«Աննա Հակոբյանն, իր թաքուն ոճի մեջ, որոշել էր, որ Արցախում երեխաների համար ինչ – որ քեֆ – ուրախություն է կազմակերպելու և հանձնարարականներ էր տվել այստեղի իր կամակատարներին՝ կազմակերպելու միջոցառումը: Երևի Եռաբլուրը գրավելուց հետո, նրանց թվացել էր, թե իրենց կհաջողվի նույն կերպ գրավել նաև Ստեփանակերտն ու տոնախմբություն կազմակերպել այն հողում, որն իրենք դավաճանի պես վաճառեցին թուրքին, բայց, ինչպես և սպասվում էր՝ այստեղ դա իրենց չհաջողվեց» — «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ստեփանակերտում ապամոնտաժվել է Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղադրված տոնածառը:

«Թաքուն պայմանավորվելով Արցախի պետական նախարարի ու ԿԳՄ նախարարի հետ, գաղտագողի երաժշտական տեխնիկա, տոնածառ ու վրաններ էին բերել, կարծելով, թե այդ միջոցառումը կայանալու է: Ընդ որում, այդ երկու օրվա համար, նախատեսել էին ծախսել 18 մլն. դրամ, և սա այն դեպքում, երբ պարզվեց, որ խրախճանքի վրանները Շորժայի՝ արդեն հայտնի տխրահռչակ փարթիի ընթացքում օգտագործած գույքն էր: Այդ միջոցառման կազմակերպման մասին, անգամ Ստեփանակերտի քաղաքապետն է անտեղյակ եղել: Նրանք հարցրե՞լ էին իմ կամ այստեղ ապրող մնացած ծնողներին՝ ուզո՞ւմ ենք արդյոք մենք մեր երեխաներին բերել տոնահանդեսի, այն էլ՝ իրենց արյունով թաթախված կեղտոտ ձեռքերով կազմակերպված քեֆ – ուրախությանը: Հավանաբար, իրենք անտեղյակ են, որ այստեղ՝ Արցախում ապրողներն ամեն Աստծո օր անիծում են Նիկոլին, Աննային և իրենց այդ «Իմ քայլը»-ին: Ու թող, անգամ, դրանց մտքներով չանցնի՝ ոտք դնել այս հողի վրա, թե չէ այստեղ դրանց բոլորի գլուխները քարերով կկոտրվի»,- ասել է Արցախի Ազգային Ժողովի պատգամավորը:

Մետաքսե Հակոբյանի դիտարկմամբ`՝ Աննա Հակոբյանի` «Իմ քայլը» հիմնադրամի կողմից Արցախում անցկացվելիք ամանորյա միջոցառման մասին, միանշանակ, երկրի իշխանությունները տեղյակ են եղել: Միջոցառման կազմակերպման աջակցությունը եղել է պետնախարարության կողմից, ի դեմս նախարար՝ Գրիգորի Մարտիրոսյանի և Արցախի Կրթության Գիտության և Մշակույթի նախարարության, ի դեմս նախարար՝ Լուսինե Ղարախանյանի: Տիկին Հակոբյանը մանրամասնել է՝ պետնախարարը «Վալեքս» հյուրանոցի սեփականատիրոջից տարածք էր խնդրել, նրանք էլ, առանց հետաքրքրվելու, թե ինչի՞ համար է պետք տարածքը, տրամադրել էին: Հետո, երբ իմացել էին, թե ինչ նպատակով է այն օգտագործվելու, տհաճ անակնկալի էին եկել և դեմ արտահայտվել այդպիսի միջոցառման համար տրամադրել իրենց տարածքը:

Միջոցառման ամենակարկառուն ներկայացուցիչը, ըստ Մետաքսե Հակոբյանի, Արցախի Կրթության, Գիտության և Մշակույթի նախարարն է եղել, որը պատգամավորի հետ պարզաբանման ընթացքում, նույնիսկ, վրդովվել է՝ մեկնաբանելով, թե, միջոցառման խափանողները արցախցի երեխաներին զրկեցին հեքիաթից. «Ո՞ր երեխաներին ենք մենք զրկել հեքիաթից, այն, որոնց հայրերն ու եղբայրները զոհվել են Նիկոլի, Աննայի ու «Իմ քայլ»-ականների ապիկար պահվածքի ու դավաճանության արդյունքո՞ւմ…Հիմա նրանք եկել են ու մեր իսկ փողերով ուզում են մեր իսկ երեխաների համար ինչ- որ քեֆ – ուրախություն կազմակերպե՞լ, այն դեպքում, երբ այստեղ ցանկացած արցախցի երեխային եթե հարցնեք՝ ուզո՞ւմ է նա արդյո՞ք տոնական միջոցառման մասնակցել, գիտակցաբար կհրաժարվի: Այսքանից հետո, առանց ամոթի, միջոցառման՝ «Իմ քայլը» հիմնադրամի կազմակերպիչներից մեկը հարցազրույց է տալիս ու ասում, իբր, ինչ – որ մոնիթորինգ են անցկացրել քաղաքում և ստում, թե բոլոր հարցված երեխաները ցանկացել են մասնակցել տոնախմբությանը: Սա ձեզ համար Եռաբլուրը չէ, որ նենգաբար ներխուժեք, այստեղ, դուք ոտք դնել այլևս չեք կարող», — եզրափակում է զրույցը Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Աղբյուր` Փաստինֆո