Պատերազմից 26 օր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նամակ է գրում ՀՀ վաստակավոր սորոսական, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին և կցում է փաստաթղթերի փաթեթ, որտեղ առաջարկում է ՀԱՊԿ շրջանակներում ռազմական շտաբային զորավարժություններ անցկացնել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած «Requiem 5. Երազանքներ» վերտառությամբ տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ նշելով, թե Զասը նամակում նկարագրել է այն պատերազմը, որը տեղի ունեցավ։

«Նա նկարագրում է այն պատերազմը, որին պետք է պատրաստվի Հայաստանը, և Հայաստանին կոչ է անում դիմել ՀԱՊԿ՝ պատերազմի սկսվելուց առաջ, որովհետև, ըստ այդ փաստաթղթի, Հայաստանն անկարող էր դիմանալ այն պատերազմին, որը նկարագրված էր ՀԱԿՊ գաղտնի նամակում»,- ասել է Մինասյանը՝ նշելով, որ հաղորդումից հետո նյութերը հրապարակելու է, և մասնագետները կարող են կարդալ, որովհետև այնտեղ կա ամեն ինչ։

«Նկարագրված էր, որ Հայաստանի Հանրապետությունում 2019-ից գործում են գաղտնի գործակալական ցանցեր՝ ահաբեկիչներից բաղկացած, որոնք պատրաստվում էին և պատրաստվել են պատերազմի ժամանակ անել ինֆորմացիոն և ռազմական «տեռակտներ»։ Եվ ԱԱԾ-ն պետք է նրանց իդենտիֆիկացներ և նեյտրալիզացներ։ Այդ նույն նամակում գրված է, որ 2018-ից սկսված՝ խախտվել է ռազմական բալանսը՝ հօգուտ Ադրբեջանի»,- ներկայացրել է Մինասյանը։

Նրա տեղեկացմամբ՝ նամակում նշված է նաև, որ Նախիջևանի դիրքային զիջումները ռազմավարական խնդիր են առաջացրել Հայաստանի և Արցախի անվտանգության համար։

«Այդ նամակում և փաստաթղթերում նկարագրված է, որ Հայաստանն արդեն 2 տարի տանուլ է տալիս ինֆորմացիոն և դիվանագիտական պատերազմը, և սպասվում է խայտառակ պարտություն։ Նամակում գրված է, որ, հաշվի առնելով բոլոր տիպի խնդիրները, Հայաստանը և Արցախը կռվելու են Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այդ նույն նամակում գրված է, որ այդ երկու երկրները Սիրիայից և ուրիշ երկրներից ներգրավելու են տեռորիստների, վարձկանների»,- ասել է նա՝ նշելով, որ նամակն ու փաստաթղթերը կարդալու դեպքում ընթերցողների մազերը կսպիտակեն։

«Որովհետև դուք որերորդ անգամ կտեսնեք, որ Նիկոլ Փաշինյանը գիտեր՝ ինչ է լինելու։ Ես վստահ եմ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակը և կից փաստաթղթերը դիվանագիտական զգուշացումներ են, որովհետև այն, ինչ գրված էր, գրեթե 99 տոկոսով կատարվեց։ Դա ուղիղ մեսիջ էր Հայաստանի գործակալ իշխանություններին՝ դիմեք ՀԱՊԿ, լինելու է սա, և տակից դուրս չեք գալու»,- ասել է Մինասյանը՝ հարց հնչեցնելով․

«Ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը չդիմեց ՀԱՊԿ-ին։ Ես ակնկալում եմ՝ դիմենք իշխանություններին և հարցնենք՝ ինչո՞ւ ՀՀ ղեկավարությունը չդիմեց ՀԱՊԿ, որի անդամ ենք մենք, որ այն պաշտպանի ՀՀ-ին ու հայ ժողովրդին։ Միանգամից ասում եմ՝ բացատրությունը, որ ՀԱՊԿ-ը չէր միացնի ամբողջ մեխանիզմը, չի ընդունվում, որովհետև դիմեիք, նրանք չգային։ Երկրորդ բացատրությունն էլ, թե պատերազմը ՀՀ տարածքները չի ներգրավել, նույնպես սուտ է։ Հարցրեք Գեղարքունիքի, Սյունիքի բնակիչներին, հարցրեք Աբովյան քաղաքի բնակիչներին, որոնց մի կերպ փրկեց ՀՕՊ-ը»,-ասել է նա։