Ուկրաինայի ԱԳ նախարարությունը Ուկրաինայի տարածքից զենք տեղափոխելու մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները զրպարտություն է որակում, ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն, գրում է ria.ru-ն։

«Ուկրաինան կտրականապես մերժում է Ալեքսանդր Լուկաշենկոյի հերթական զրպարտությունները։ Արտաքին միջամտության մասին հռետորաբանությունը, մասնավորապես՝ «Ուկրաինայից զենքի» մասին հայտարարությունը, հստակ տեղավորվում է Բելառուսի ժողովրդին վախեցնելու Լուկաշենկոյի քաղաքականության մեջ: Ուկրաինան Բելառուսի թշնամին չէ»,- ասել է նա։

Դիվանագետը նաև նշել է, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ օրերս երկրում բացահայտված ահաբեկչական խումբը գործել է ընդդիմադիր ակտիվիստ և գործարար Նիկոլայ Ավտուխովիչի ղեկավարությամբ, որն ահաբեկչություններ է նախապատրաստել ամբողջ երկրում և «տոննաներով» զենք է տեղափոխել Ուկրաինայի տարածքով։

«Վերջերս ձերբակալեցինք Ավտուխովիչի խմբին։ Նրանք տոննաներով զենք էին տեղափոխում Ուկրաինայի տարածքով։ Եվ եթե մեր տղաները, որոնց ես հրամայել եմ անմիջապես պետական պարգևների ներկայացնել, չբացահայտեին նրանց, մեր Նոր տարին կլիներ… ես նրան, ճիշտն ասած, թերագնահատել եմ»,- հայտարարել էր Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին հայտնի էր դարձել, որ Բելառուսում մի խումբ անձինք մի քանի ահաբեկչական գործողություններ են իրականացրել Գրոդնսկի մարզում, այդ թվում՝ հրկիզել են ոստիկանի տունը և պայթեցրել նրա մեքենան: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Բելառուսում ձերբակալվել են խմբավորման ութ անդամները՝ ընդդիմադիր ակտիվիստ և գործարար Նիկոլայ Ավտուխովիչի գլխավորությամբ։