Այսօր Հայաստանի պետական Ֆիլհարմոնիայի՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ հայ և վրաց մտավորականների տեսակոնֆերանս, որի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և մարտահրավերներին դիմակայելու  ուղիները: Կոնֆերանսի մասնակիցները ընդգծեցին, որ հետպատերազմյան շրջանում և համավարակի ահագնացող պայմաններում շատ կարևոր է երկրների միջև պահպանել հոգևոր մշակութային կապերը:

Տեսակոնֆերանսին հայկական կողմից մասնակցում էին «Հայ մտավորականների Ֆեդերացիայի» նախագահ Գագիկ Մանասյանը, իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը և մտավորականության ուրիշ ներկայացուցիչներ:

Վրացական կողմից մասնակցում էին աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փահլևանյանը, Վրաստանի անվտանգության խորհրդի անդամ Ալեքսանդր Գվարիշվիլին և մի շարք այլ մտավորականներ:

Հայ և վրաց մտավորականների համագործակցության արդյունքում ամիսներ առաջ Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում կայացան «Հռադամիստ» օպերայի նախապատրաստական աշխատանքները: Այսօր մտավորականները միասին քննարկեցին համատեղ համագործակցության հուշագիր ստեղծելու հարցը, որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ, որն առավել մանրամասն  կքննարկի ստորագրվելիք հուշագրի կետերը:

«Հայ մտավորականների Ֆեդերացիայի» նախագահ Գագիկ Մանասյանն իր ելույթում կարևորեց հայ և վրաց քրիստոնյա ժողովուրդների դարավոր բարեկամությունը և ստեղծված իրավիճակում միասնական ելքեր փնտրելու հարցը:

Իրավապաշտպան Արբակ Խաչատրյանն իր հերթին ընդգծեց մտավորական սերուցքի և ինտելեկտուալ ներուժի համախմբան անհրաժեշությունը, քանի որ տարածաշրջանային մարտահրավերները կարող են վերջնականապես կտրել երկրների միջև հոգևոր-մշակութային կապերը և նման դեպքում արվեստն ու հոգևորը կարժեզրկվեն՝ հրահրելով նորանոր բախումներ:

Տեսակոնֆերանսի ավարտից հետո հայ մտավորականները մտքեր փոխանակեցին  Հայաստանի ներկա իրավիճակի և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների շուրջ: