Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի ինֆեկցիոն հիվանդությունների մաթեմատիկական մոդելավորման կենտրոնը հրապարակել է հետազոտության արդյունքները, ըստ որի կորոնավիրուսի նոր շտամը կարող է ավելի վարակիչ լինել: Այդ տվյալները ներկայացված են Կենտրոնի կայքում հրապարակված զեկույցում:

Գիտնականները վիրուսի փոխանցման մաթեմատիկական մոդել են ստեղծել նոր շտամի տարածման բնութագրերը հայտնաբերելու համար եւ ենթադրել են, որ այն կարող է 56 տոկոսով ավելի հեշտ փոխանցվել: «Մենք չկարողացանք հստակ ապացույցներ գտնել, որ VOC 202012/01-ը հիվանդության ավել կամ պակաս ծանրության է հանգեցնում, քան արդեն գոյություն ունեցող տարբերակները: Այնուամենայնիվ, փոխանցման տեմպի բարձրացումը, ամենայն հավանականությամբ, վարակվածութան էական աճի կհանգեցնի, քանի որ կանխատեսվում է, որ 2021 թվականին COVID-19-ից հոսպիտալացումների եւ մահացությունների թիվն ավելի բարձր մակարդակի կհասնի, քան 2020 թվականին էր, նույնիսկ եթե մինչեւ դեկտեմբերի 19-ը հայտարարված տարածաշրջանային բամզամակարդակ սահմանափակումները պահպանվեն»,- ասվում է զեկույցում:

Թագավորությունում COVID-19-ով վարակման դեպքերի աճը կապված է կորոնավիրուսի նոր, մուտացված տարբերակի հայտնաբերման հետ, որի մասին դեկտեմբերի 14-ին հայտարարել էր երկրի Առողջապահության նախարարության ղեկավար Մեթ Հենքոքը: Դեկտեմբերի 19-ին կայացած արտակարգ մամուլի ասուլիսին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարեց, որ կորոնավիրուսի նոր տարատեսակը կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել` հավելելով, որ բրիտանացի մասնագետները դեռ ապացույցներ չեն գտել առ այն, որ այն ավելի շատ է մահվան հանգեցնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նոր շտամը սկսում է գերակշռել Լոնդոնում, Անգլիայի հարավ-արեւելքում եւ Ուելսում, որտեղ այն այժմ վարակման նոր դեպքերի մեծ մասն է կազմում: Դա իշխանություններին ստիպում է կոշտ միջոցներ ձեռնարկել վարակի դեմ պայքարում: Ընդ որում, ավելի քան 70 պետություն, այդ թվում` ԵՄ երկրների մեծ մասը, Ռուսաստանը, Ավստրալիան, Արգենտինան, Կանադան եւ Թուրքիան, հայտարարել են, որ ժամանակավորապես կդադարեցնեն օդային հաղորդակցությունը Միացյալ Թագավորության հետ: Ընդ որում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերխովեն հայտարարել է, որ մուտացված տարբերակը Անգլիայի հարավ-արեւելքում հայտնաբերվել էր դեռ սեպտեմբերին, այնուհետեւ տարածվել էր Դանիայում, Նիդեռլանդներում եւ Ավստրալիայում: