Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ էսկալացիան սրվում է: Սակայն դա տեղի է ունենում, դեռ հիմնականում հայտարարությունների եւ ռազմական պատրաստվածության մակարդակի վրա, Իրանն ուժեղացնում է ուրանի հարստացման կայանների պաշտպանությունը Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով, իսկ ԱՄՆ-ն թեւավոր հրթիռներով Georgia միջուկային սուզանավն ուղարկել է Հորմուզի նեղուց, գրում է «Գազետա»-ն:

Իրանը նախապատրաստում է իր հակաօդային պաշտպանության միջոցները միջուկային օբյեկտների պահպանության համար` վախենալով հնարավոր հարվածից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, հայտնում է Քուվեյթի Al Qabas պարբերականը: Ռուսական արտադրության զենիթահրթիռային համակարգերը նկատվել են Թեհրանից 150 կմ հեռավորության վրա գտնվող Ֆորդոյում ուրանի հարստացման գործարանի մոտակայքում եւ Նաթանզում:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նախազգուշացրել է, որ ԱՄՆ հարձակումը կարող է  «շատ ավելի վատ» հակամարտություն հրահրել տարածաշրջանում, քան պատերազմն Իրաքում:

Դիվանագետը խոստացել է, որ Սպիտակ տան ղեկավարը «կկրի ողջ պատասխանատվությունը ցանկացած արկածախնդրության համար»: «Նախորդ անգամ ԱՄՆ-ն ավիրեց մեր տարածաշրջանը` զանգվածային ոչնչացման զենքի արտադրության պատճառով` 7 տրիլիոն դոլար ծախսելով եւ խլելով 58.976 ամերիկացու կյանք»,- հավելել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը զինված են ռուսական Ս-300 ԶՀՀ-ով եւ «Տոր» հակաօդային պաշտպանության համակարգերով, «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային եւ հրանոթային համակարգերով, ամերիկյան MIM-23 Hawk-երով, Oerlikon GDF-005 շվեյցարական ավտոմատ համակարգչային զենիթային զենքերով եւ Rapier «ցամաք-օդ» բրիտանական հրթիռային համակարգերով: Ընդ որում, նախօերին Հորմուզի նեղուց էր մտել Ohio դասի թեւավոր հրթիռներով USS Georgia միջուկային սուզանավը:

Ջորջիան (SSGN 729) ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենաբազմակողմանի հարթակներից մեկն է: Նա զինված է 154 BGM-109 Tomahawk թեւավոր հրթիռներով:

Այս շաբաթվա սկզբին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հրթիռային հարձակումներից հետո Թրամփը սպառնացել էր Իրանին: Նա Twitter-ում գրել էր. «Կիրակի օրը մի քանի հրթիռ հարվածեց Բաղդադում գտնվող մեր դեսպանատանը: Երեք հրթիռ չի պայթել»:
Նա նաեւ տեղադրել էր երեք մարտագլխիկների լուսանկարները: «Բարեկամական խորհուրդ Իրանին. եթե նույնիսկ մի ամերիկացի սպանվի, ես կմեղադրեմ Իրանին: Լավ մտածիր»,- սպառնացել էր ԱՄՆ նախագահը: Ընդ որում, գնդակոծության պատճառով զոհվել էր Իրաքի մի քաղաքացի, վնասվել էր դիվանագիտական ​​համալիրի շենքը:

Պետքարտուղար Մայք Պոմպեոն նույնպես Թեհրանին է մեղադրել հարձակման մեջ, իսկ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ռազմական օպերացիան «գրեթե հաստատ իրականացվել է Իրանի կողմից աջակցվող անհավասարակշիռ աշխարհազորայինների խմբի կողմից»:

Հեռանալուց առաջ Թրամփը, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, պատրաստ է պատերազ սկսել Իրանի դեմ: Ներխուժման պատճառ կդառնա հայտարարված միջուկային ծրագիրը, որը վերսկսել էր իր զարգացումը «միջուկային գործարքի» փլուզումից հետո: Սպիտակ տան գործող ղեկավարը բազմիցս բարձրացրել է հարցն այն մասին, թե ինչպես կարելի է ոչնչացնել գործարանը Նաթանզում:

Թրամփը ցանկանում է կանխարգելիչ հարված հասցնել Իրանին այն բանից հետո, երբ ՄԱԳԱՏԷ-ն հրապարակեց հերթական զեկույցն իրանական միջուկային ծրագրի զարգացման վերաբերյալ: Այնտեղ ասվում էր, որ Իսլամական Հանրապետության գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) պայմանները չկատարելուց հետո երկրում բարձր հարստացվածուրանի պաշարներն ավելացվել են:

Նախագահի վրդովմունքը սահմաններ չուներ, սակայն փոխնախագահ Մայք Փենսը եւ Մայք Պոմպեոն համոզել են նրան չբորբոքվել, The New York Times-ը փոխանցել է ամերիկացի պաշտոնյաների խոսքերը:

Ամերիկայի պլանների մասին հաստատված տվյալներ չկան: Սակայն Իսրայելում խոստովանել են, որ հրահանգներ են ստացել հնարավոր առճակատմանը նախապատրաստվելու մասին: ԱՄՆ-ն B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչներ է տեղափոխել Մերձավոր Արեւելք:

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ռազմական ինքնաթիռները ժամանել են տարածաշրջան «ագրեսիան զսպելու եւ դաշնակիցներին աջակցելու համար»:

Ամերիկյան եւ իսրայելական ԶԼՄ-ների փոխանցմամբ` Ֆորդոյի գործարանը տեղակայված է ժայռերի տակ` 80-90 մետր խորության վրա: Թեհրանի պաշտոնական վարկածի համաձայն` ուրանը հարստացվում է ընդամենը 20 տոկոսի մակարդակում, ինչպես նաեւ` բժշկական եւ հետազոտական ​​նպատակներով: Սակայն միջազգային հանրությունը մտավախություն ունի, որ Ֆորդոյում գտնվող ուրանի գործարանում հարստացումը տեղի է ունենում մինչեւ 95 տոկոսի մակարդակում:

Նաթանզում, ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների եզրակացության համաձայն, ուրանի հարստացման համար առնվազն չորս հազար ցենտրիֆուգ է աշխատում: