Ազգային ժողովում սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկման ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանից հետաքրքրվեց՝ ինչ կարող են անել քաղաքական գործիչները, որ սահմանամերձ համայնքներում վախի մթնոլորտը վերանա և մարդիկ վստահ ապրեն։

«Կարևոր եմ համարում, որ ամբողջ սահմանի երկայնքով տեղակայվեն սահմանապահներ՝ թե՛ մեր կողմից, թե՛ իրենց կողմից։ Եվ սահմանապահների ետևում չլինեն կանոնավոր զորքեր, սա շատ կարևոր է, այսինքն՝ սահմանապահների ետևում լինի ապառազմակականացված գոտի։ Դրանով իսկ կապահովագրենք, որ բախումներ չլինեն»,-պատասխանելով պատգամավորի հարցին՝ նշեց Գևորգ Փարսյանը։

Կապանի համայնքապետը նաև կարևորեց սահմանամերձ համայնքերում ապրող տղամարդկանց զինելը։ «Դուք՝ որպես պատգամավորներ, նաև կարող եք հանդես գալ մի օրենսդրական նախաձեռնությամբ՝ կապված մեր գյուղացի բոլոր տղամարդկանց զինելու հետ։ Այդպես լրացուցիչ վստահություն ձեռք կբերեն մեր գյուղացիները, մեր քաղաքացիները։ Այսօրվա դրությամբ որսորդական խանութից զենք ձեռք բերելու հետ կապված որոշակի ընթացկարգային խնդիրներ կան։ Դա կարելի է հեշտացնել»։

Փարսյանը նաև առաջարկեց, որ պատգամավորները հորդորեն պաշտպանության նախարարությանը ուշադրություն դարձնել Սյունիքի մարզին։ «Մենք իրականում դրա կարիքը ունենք՝ թե՛ զենք-զինամթերքի տեսքով, թե՛ մարդկային ռեսուրսի տեսքով, կանոնավոր բանակի տեսքով»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ նշեց՝ ամեն ինչ անելու են, որ առաջարկված նախագծերը արագ քննարկվեն և իրագործվեն։