Չինաստանում կինը, որը սպանել է յոթ մարդու, ներառյալ փոքր աղջկա, իսկ այնուհետեւ 20 տարի փախուստի մեջ է եղել, այս շաբաթ վերջապես կանգնել է դատարանի առաջ:

Լաո Չունչժին արցունքն աչքերին ներողություն է խնդրել զոհերի ընտանիքներից՝ որպես փոխհատուցում առաջարկելով այն ոչ մեծ գումարը, որ կար նրա բանկային հաշվեհամարին, հայտնում է Yahoo News-ը: 46-ամյա կինը պնդում էր, թե չի ցանկացել ոչ ոքի նեղացնել, բայց հայտնվել է այդ ժամանակ իր ընկերոջ՝ Ֆա Ցզըինի հետ նվաստացուցիչ հարաբերությունների ծուղակում, որն իրեն ստիպել է կատարել հանցագործությունները: «Ֆա Ցզըինը ինձ հաճախ էր ծեծում, խեղդում ու տանջում: Նա սպառնում էր իմ ընտանիքին, եթե բաժանվեի… Ես չէի ցանկանում ոչ մեկին սպանել: Ես ուղղակի ուզում էի ապրել»,- ասել է նա:

Լաոն, որը տասնամյակներ շարունակ ապրել է ուրիշ անունով, կալանավորվել է 2019 թվականի նոյեմբերին Սյամենի առեւտրի կենտրոնում, որտեղ ժամացույց էր վաճառում:

Նրան առաջադրվել է բիզնեսմեն Սյուն Ցիի սպանության, առեւանգման եւ կողոպուտի մեղադրանք, ում 1996 թվականին նա հանդիպել է գիշերային ակումբում, գայթակղել եւ տարել է վարձած բնակարան, որտեղ նա սպանվել էր: Այնուհետեւ Լաոն եւ Ֆան կողոպտել էին նրա տունը եւ սպանել նրա կնոջն ու դստերը:

Նա մեղադրվում է նաեւ մեկ տարի հետո գիշերային ակումբի աշխատողներ Լյան Սյաոչունյայի եւ Լյու Սուցինի սպանությանն ու կողոպուտին ենթադրյալ մասնակցության մեջ:

1996 թվականի հուլիսին Լաոն եւ Ֆան իբր սպանել են եւս 2 տղամարդու՝ փորձելով նրանցից մեկից փրկագին ստանալ:

1999 թվականի հուլիսին Ֆան մահապատժի է ենթարկվել սպանության, առեւանգման եւ կողոպուտի մեղադրանքով այն բանից հետո, երբ նրան ձերբակալել էին առեւանգվածներից մեկի կնոջից փրկագին ստանալու փորձի ժամանակ: