Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 24-ի նիստում Երեւան քաղաքի Մամիկոնյանց եւ Արամ Խաչատրյան փողոցներին հարակից տարածքները ճանաչեց հանրային գերակա շահ՝ նշված փողոցներն իրար միացնող ճանապարհահատված կառուցելու նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է. «Երեւան քաղաքի գլխավոր հատակագծով եւ կառավարության որոշմամբ՝ Արաբկիր վարչական շրջանի գոտեւորման նախագծով Արաբկիր վարչական շրջանում նախատեսվում է Մամիկոնյանց եւ Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցում: Ճանապարհաշինական ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ:

Ծրագրի իրականացմամբ՝ Երեւանի Մամիկոնյանց եւ Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցմամբ, զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղով հնարավորինս կթեթեւացվի Կոմիտասի պողոտայի երթեւեկությունը, ինչպես նաեւ կբարելավվեն թաղամասի տարհանման ելքերը»: