Հռոմի Ֆրանցիսկոս պապը քրիստոնյաներին կոչ է արել Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնակատարությունը նշել հավատքով, այլ ոչ թե սուրբծննյան տոնը վերածել «սենտիմենտալ կամ սպառողական իրադարձության», գրում է Vatican News-ը։

Պոնտիֆիկոսի խոսքով՝ «այս տոնը մարդկային գոյությանն ու ամբողջ պատմությանն իմաստ է հաղորդում և կարող է չեզոքացնել համավարակի ընթաքում կուտակված հոռետեսությունը»։

«Հիսուսի ծնունդը դարձել է համընդհանուր տոն և նույնիսկ այլ դավանանքի տեր մարդկանց շրջանում այն իր հմայքն ունի։ Քրիստոնյաների համար դա կարևոր իրադարձություն է, հավերժական կրակ, որն Աստված վառեց աշխարհում, և այն չպետք է շփոթել անցողիկ երևույթների հետ։ Հետևաբար,  կարևոր է, որ այն չլինի նվերներով ու բարի ցանկություններով հարուստ լոկ սենտիմենտալ տոն՝ քրիստոնեական հավատքի բացակայությամբ»,- ընդգել է նա։

Անցյալ կիրակի Հռոմի պապը հայտարարել էր, որ պետք է ուշադրություն է դարձնել այն հանգամանքին, որ «սպառողականությունը մեզնից գողացել է Սուրբ Ծնունդի խորհուրդը», որը, նրա խոսքով, պարզույթան և համեստության մեջ է։