Կառավարության այսօրվա նիստին Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, թե կան նախագծեր, որոնց հետ կապված Կոմիտեի նիստում քննարկման արդյունքները դեռևս վերջնական տարբերակում խմբագրական բնույթի արտացոլված չեն:

Նա ասաց, որ կան նախագծեր, որոնց դեպքում կան անհամապատասխանություններ առաջիկա ժամանակահատվածի բյուջետային ցուցանիշների հետ: Նախարարը խնդրեց, որպեսզի նախագծերը վարչապետին ներկայացվեն ստորագրությամբ այն տրամաբանությամբ, որ դրանք չեն կարող շեղվել միջնաժամկետ ծախսերի ծրագրի բովանդակությունից թե մակրոնտնտեսական շրջանակի, թե բյուջետային շրջանակի իմաստով:

«Չենք կարող ունենալ նույն ժամանակահատվածի տարբեր ցուցանիշներ՝ կառավարության տարբեր որոշումներով արտացոլված», — նշեց Ջանջուղազյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե գործնականում այնպիսի տեքստ ասաց Ջանջուղազյանը, որ ՊԵԿ նախագահը կուզենար արձագանքել:

«Բայց ես առաջարկում եմ իսկապես չքննարկել, աշխատանքային կարգով, կարծում եմ, պետք է քննարկել, որովհետև խոսքը վերաբերում է ՊԵԿ ռազմավարության հաստատմանը, ու մենք աշխատանքային քննարկումներ ենք ունեցել այդ թեմայով ու, այո, ձեր դիրքորոշումը պարզ է, հիմնավոր է, բայց նաև կա այլ տեսակետ, գուցե թե, այդ ծրագրերի իրականացման համար հնարավոր կլինի ներգրավել ոչ բյուջետային միջոցներ, դրա հետ կապված էլ հարցեր են ծագում, բայց ես առաջարկում եմ աշխատաքային կարգով քննարկենք՝ հասկանալու, թե ինչքանով այս երկու մոտեցումները կարող են ձևակերպվել որպես կոմպրոմիս», — ասաց Փաշինյանը: