Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է կառավարության նոր ծրագրի պաշտպանական մասը Վրաստանի խորհրդարանի միավորված հանձնաժողովների նիստի ժամանակ:

«2021 թվականին մենք ձեռք կբերենք օպերատիվ, տակտիկական անօդաչու հետախուզական եւ մարտական դրոններ: Մենք կհամալրենք մանեւրային եւ հրետանային ստորաբաժանումները ժամանակակից հետախուզական թռչող սարքերով, կզարգացնենք ռադիոէլեկտրոնային եւ հետախուզական հետապնդման միջոցները»,-հայտարարել է ՊՆ պաշտոնի թեկնածուն:

Իր ելույթի ժամանակ Գախարիան հատուկ ուշադրություն է դարձրել հակաօդային պաշտպանության եւ ավիացիոն միջոցների պարկի արդիականացմանը, ինչը Պաշտպանության ուժերի վերականգնման երկարաժամկետ տասնամյա ծրագրի մաս է, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

Նրա խոսքով՝ հաջորդ տարի երկրի հակաօդային պաշտպանության հնարավորություններն էլ ավելի կզարգանան. հաջորդ տարի նախատեսվում է ձեռք բերել ժամանակակից մոբիլ զենիթահրթիռային համալիրներ:

«2018 թվականին ավարտվել է ֆրանսիական նախագծի առաջին փուլը, եւ մենք ստացել ենք ֆրանսիական արտադրության օդային դիտման ռադարներ, մոբիլ հրամանատարության կետ եւ «Միստրալ-3» զենիթահրթիռային համալիրներ: 2021 թվականին հաջողությամբ կավարտվի այդ ֆրանսիական պայմանագրի երկրորդ փուլը: Ինչպես գիտեք, մենք համաձայնագիր ենք ստորագրել իսրայելցի գործընկերների հետ, որը մեզ թույլ կտա թարմացնել եւ արդիականացնել «Ռաֆայել» զենիթահրթիռային համակարգը»,-ասել է Ղարիբաշվիլին:

Միեւնույն ժամանակ Ղարիբաշվիլին դժգոհություն է հայտնել ռազմական գերատեսչության բյուջեի չափի առնչությամբ, որը 2021 թվականին կկազմի 900 միլիոն լարի կամ Վրաստանի ՀՆԱ-ի 2 տոկոսը:

Նա նշել է, որ նոր ռազմամթերք ձեռքբերելու համար կօգտագործվեն ԱՄՆ-ի հատկացրած միջոցները: «ԱՄՆ-ի դրամաշնորհը հաշվի առնելով՝ ռազմամթերք ձեռքբերելու համար կհատկացվի ավելի քան 200 միլիոն դոլար»,-ասել է Ղարիբաշվիլին:

Նա հայտարարել է, որ վրացական բանակի վերազինումը կշարունակվի, քանի դեռ զինվորներից յուրաքանչյուրը չի զինվել ժամանակակից զենքով: