Տարածաշրջանում փոփոխվող իրողությունների պայմաններում Իսրայելը պետք է նոր ռազմավարություն որդեգրի և սկսի բարեկամություն անել Հայաստանի հետ՝ միաժամանակ չդադարեցնելով Ադրբեջանի հետ բարեկամությունը։ Аlgemeiner-ում հրապարակված իր հոդվածում գրում է Դմիտրի Շուֆուտինսկին:

«Պատճառը Թուրքիան է, որն Իսրայելի բարեկամից վերածվել է աշխարհաքաղաքական մրցակցի։ Այդ երկիրը բացահայտ աջակցում է ՀԱՄԱՍ-ին, ջախջախում Իսրայելի քուրդ դաշնակիցներին և ձգտում է իսլամացնել Ադրբեջանը՝ սիրիացի ջիհադականներին ուղարկելով Հայաստանի դեմ պայքարելու։ Անկարան նաև ոտնձգություն է կատարել Միջերկրական ծովում Իսրայելի տնտեսական գազային շահերի նկատմամբ։ Ժամանակն է, որ Երուսաղեմը հրաժարվի Անկարային վիրավորելու և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտավախությունից»,- գրում է հեղինակը։

Շուֆուտինսկիի խոսքով՝ Երուսաղեմը պետք է նաև որոշում կայացնի՝ արդյոք ցանկանում է հրաժարվել Ադրբեջանին զենք մատակարարելուց, թե՞ ոչ, քանի որ, նրա խոսքով, Բահրեյնի և ԱՄԷ-ի հետ խաղաղության հաստատումից հետո Իսրայելն արդեն այնքան էլ կախված չէ ադրբեջանական նավթից։

«Գոյություն ունի նաև մեկ այլ տարբերակ՝ չհրաժարվելով Ադրբեջանին զենք մատակարարելուց, Հայաստանին զենքի մատակարարումներ սկսել նույն որակով և քանակով, ինչը կօգնի երկրների միջև նոր ռազմական հակամարտության դեպքում պահպանել հավասարակշռությունը»,- գրում է նա։

Հեղինակի համոզմամբ, եթե Իսրայելը կարողանա լավ հարաբերություններ հաստատել Բաքվի և Երևանի հետ, նա կարող է այդ տարածաշրջանում հանդես գալ որպես խաղաղարար՝ զգալիորեն նվազեցնելով Թուրքիայի և Իրանի ազդեցությունը:

«Այսպիսով, Իսրայելի հաշվին կավելանա ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ազդեցությունը և կնվազի Ռուսաստանի ազդեցությունը, որի դաշնակիցները թուրքերն ու իրանցիներն են։ Եթե Երուսաղեմը ցանկանում է հակազդել Անկարային, նրան պետք են շատ դաշնակիցներ։ Իսրայելը նաև պետք է ոսկե ստանդարտ սահմանի, երբ խոսքը վերաբերում է ցեղասպանության ճանաչմանը»,- եզրափակում է հեղինակը։