Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Միջերկրական ծովի արևելյան շրջաններում Թուրքիայի ռազմածովային ուժերի կրակային զորավարժանքներ անցկացնելու մասին, հայտնում է thegreekcitytimes.com լրատվական կայքը:

Նախարարությունը չի պարզել, թե որտեղ են տեղի ունեցել վարժանքները, սակայն, դատելով լուսանկարներից դրանք տեղի են ունեցել հենց Թուրքիայի ափերին:

Հունական աղբյուրը նկատում է, որ հակառակ նրան, որ Թուրքիան հավակնում է, այսպես կոչված, «Կապույտ հայրենիք» նախագծին, որի նպատակն է վերահսկողություն սահմանել Հունաստանի ծովային ինքնիշխանության տարածքում և կղզիներում, այնուամենայնիվ  նրա ռազմածովային ուժերը շարունակ անհաջողություն են ունենում:

Երկու պետությունների միջև լարվածությունն սկսվել է օգոստոսի 12-ին, երբ թուրքական «Քեմալ Ռեյս» հածանավը, որն ուղեկցում էր Oruç Reis հետախուզական նավին, հարվածել էր հունական «Լիմնոս» հածանավին և կրել մեծ վնասներ: Մինչդեռ հունական հածանավը չէր վնասվել բախման արդյունքում:

Նույն ամսին, մեկ այլ միջադեպի հետևանքով, թուրքական սուզանավը մի ամբողջ գիշեր շրջապատված է եղել Հունաստանի ռազմածովային ուժերի ուղղաթիռով և ռմբակոծվել է:

Հոկտեմբերին Էգեյան ծովի երկնքում նկատվել են թուրքական 5  CN-235 ռազմական ինքնաթիռներ և 2 ուղղաթիռներ, որոնց նպատակը հունական նավատորմի «անտեսանելի որսորդների» տեղակայման վայրը պարզելն էր:

Երկու պետությունների միջև լարվածությունը դեռևս շարունակվում է: