Սիրելի՛ հայրենակիցներ, eրեկ հերթական անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնողն ակնհայտ ցույց տվեց, որ կիլոմետրերով հեռու է ինչպես պետականաշինությունից և պետական մտածողությունից, այնպես էլ՝ այդ պաշտոնին համարժեք տարրական գիտելիքներից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ընդհանրապես չարժեր սրանից հետո, որ մենք անդրադառնայինք այդ սուբյեկտի արտահայտած «մտքերին», բայց անհնար է:

Ի՞նչ կապ ունի վարչական սահմանը պետական սահմանի հետ:

Վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանվում են համայնքների տարածքների ներքին սահմանները:

Պետական սահմանն ունի իր բովանդակությունը և կառուցվածքը՝ անվտանգության գոտին, ենթակառուցվածքները, սպասարկող այլ կառույցներ, և այլն:

Պետական սահմանի բովանդակությունը կազմող տարածքները՝ այսպես կոչված բաժանարար գծերը պետք է նաև, իհարկե, ոչ միշտ, թելադրվեն տվյալ տարածքի ռելիեֆի բնական բնագծերով, օրինակ՝ գետեր, լեռներ, ձորակներ, և այլն (որտեղ որ դա հնարավոր է):

Կան պետություններ, որտեղ սահմանամերձ գոտիների հողերը չեն կարող օտարվել առանց, օրինակ, պաշտպանության նախարարության կամ հատուկ ծառայության համաձայնության:

Ինչևէ: Եթե պետության առաջին դեմքը չի պատկերացնում, թե ինչ է պետական սահմանը, ո՞նց կարող է այն պաշտպանել:

Այնպես որ՝ հերթական անգամ մի՛ տարածիր, մեղմ ասած, ապատեղեկատվություն»: