ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը Moderna ընկերության ստեղծած պատվաստանյութով:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտնել է Hartford HealthCare ընկերությունը, որի ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է, թե ինչպես է ընթանում բուժաշխատողների պատվաստումը:

Պատվաստանյութի առաջին խմբաքանակը հատկացվել է Հարթֆորդի հիվանդանոցին:

ԱՄՆ Սննդամթերքի և դեղամիջոցների վերահսկման վարչությունը հավանության էր արժանացրել ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Modernа ընկերության պատվաստանյութը, որը երկրորդն է կիրառման թույլտվություն ստացածների շարքում: Ամերիկյան վերահսկիչ մարմինը հաստատել էր նաև ամերիկյան Pfizer Inc և գերամանկան BioNTech SE ընկերությունների համատեղ արտադրանքը:

Նշվում է, որ դաշնային կառավարությունը մտադիր է առաջիկա շաբաթվա ընթացքում ընկերությունների մշակած պատվաստանյութերի, ընդհանուր առմամբ, 7,9 մլն չափաբաժին տեղաբաշխել: