ՀՀ գլխավոր դատախազությունը, ինչպես 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած՝ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ սանձազերծած և Թուրքիայի Հանրապետության գործուն աջակցությամբ, միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների, վարձկանների ներգրավմամբ իրականացված ագրեսիվ պատերազմի ողջ ընթացքում, այնպես էլ նոյեմբերի 9-ին հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության ստորագրումից հետո առավել մեծ հետևողականությամբ իրականացրել է ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի մշտադիտարկում՝ պատերազմին, դրա աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառներին առնչվող հանցավոր դրսևորումների վերաբերյալ տվյալների և փաստերի հավաքագրման նպատակով:

Նկատի ունենալով ցավալի արդյունքով պատերազմի պատճառահետևանքնային կապերը, դրան հանգեցրած իրողություններն ու հանգամանքները, հատկապես քրեաիրավական դաշտում օբյեկտիվ քննությամբ ուսումնասիրության առարկա դարձնելու և գնահատելու խիստ անհրաժեշտությունը, մշտադիտարկման արդյունքում արձանագրված բազմաթիվ այնպիսի տեղեկություններ, որոնք առերևույթ պարունակել են տարբեր հանցագործությունների հատկանիշներ` ՀՀ գլխավոր դատախազությունից հընթացս անմիջապես ուղարկվել են համապատասխան քննչական մարմիններ՝ դրանցում նշվող հանգամանքները քրեադատավարական կարգով ստուգման, իրավական գնահատման առարկա դարձնելու հանձնարարություններով:

Արդյունքում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում և ՀՀ ՀՔԾ-ում դատախազական պատշաճ և հետևողական դատավարական վերահսկողության ներքո քննվում են բազմածավալ, բազմադրվագ քրեական գործեր, որոնց վերաբերյալ, հաշվի առնելով ռազմական դրության ռեժիմով պայմանավորված սահմանափակումները, հանրային իրազեկվածության ապահովման առաջնայնությունից ելնելով` ներկայացվում է հետևյալը: