Հանրապետության հրապարակում այսօր՝ դեկտեմբերի 19–ին, մինչեւ կմեկնարկեր արցախյան երկրորդ պատերազմի  նահատակների հիշատակի սգո երթը, միջադեպ տեղի ունեցավ նախ հավաքված քաղաքացիների եւ «5–րդ» ալիքի լրագրողի, ապա վերջինի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջեւ։ Հավաքված քաղաքացիները վիրավորական բառեր ասացին լրագրողի հասցեին՝ թե ինչո՞ւ  է նա եկել սգո երթը լուսաբանելու։

Քիչ անց «5–րդ» ալիքի լրագրողը փորձեց հարցազրույց անել իմքայլական Անդրանիկ Քոչարյանի հետ, սակայն պատգամավորը մերժեց նրան։

«Ուզում եմ Դուք հեռանաք, որպեսզի ես շփվեմ մյուս լրագրողների հետ»,– ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Լրագրողն ասաց, որ նա պարտավոր է իր հարցերին պատասխանել, որովհետեւ պատգամավոր է եւ պարտավոր է լրատվամիջոցների հարցերին պատասխանել։

Պատգամավորի պահվածքը, սակայն, դրանից չփոխվեց։