Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկրի բնակիչներին կոչ է արել խուսափել Սուրբ Ծնունդի ժամանակ հարազատներին այցելելուց և միմյանց շնորհավորել տեսազանգի օգնությամբ, ինչպես անում են արտերկրում ապրող և աշխատող քաղաքացիները:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Գերմանիայի առաջնորդը նման հայտարարություն է արել դեկտեմբերի 19-ին՝ պայմանավորված երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներով:

«Այն, ինչ սպասվում է մեզ այս սուրբծննդյան տոնին, սովորական երևույթ է արտասահմանում աշխատողների համար», — ասել է Մերկելը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գերմանիան պայքարում է կորոնավիրուսով վարակման և հիվանդությունից մահացության դեպքերի աճի դեմ: Մերկելին հաջողվել է ճնշել վիրուսի մասշտաբային տարածումն առաջին ալիքի ժամանակ, ներկա պահին իշխանությունները փորձում են ճնշել երկրորդ ալիքը:

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման ավելի քան 31 000 և մահվան 702 դեպք է գրանցվել շաբաթ: Համաճարակի ողջ ընթացքում Գերմանիայում արձանագրվել է «Քովիդ-19»-ով վարակման 1 474 093 դեմք, որից 26 091-ը՝ մահվան ելքով: