Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ինչպես տեղեկացրել եմ, պատերազմի օրերին նախաձեռնել եմ մի շարք առողջապահական ծրագրեր՝ արտասահմանցի բժիշկների այց, իսլանդական ձողաձկան (cod) կաշվից ստացած մաշկային տրանսպլանտների, ամերիկյան «Genadyne» ընկերության բարձրակարգ դեղամիջոցների և վերքերը փակող վակուումային սարքերի, ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի համար ամենագնաց մեքենայի և անհրաժեշտ բժշկական միջոցների ձեռքբերում և այլն։ Այս ամենն անհնարին կլիներ առանց սրտացավ ընկերներիս, գործընկերներիս, սփյուռքի մեր հայրենակիցների, ինչպես նաև ինձ մտերիմ օտարազգի բժիշկների, գործարարների ու քաղաքական գործիչների աջակցության։

Եվս մեկ անգամ իմ երախտիքն եմ հայտնում բոլորին։ Փակելով առողջապահական նախաձեռնությունների այս փուլը՝ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի նոր՝ խիստ կարևոր ձեռնարկման վրա, որ վերաբերում է մարտական գործողությունների ընթացքում ձեռք ու ոտք կորցրած մեր զինվորների պրոթեզավորմա խնդրին։

Ծրագիրն իրականացնելու ենք «Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոն» հետ համագործակցությամբ, որտեղ շուտով «Հայաստան հիմնադրամ Նիդերլանդների» աջակցությամբ գործելու է պրոթեզավորման գերմանա-հոլանդական ժամանակակից լաբորատորիա։

Ուրախությամբ նշեմ, որ իսլանդացի գործընեկրներիս աջակցությամբ արդեն պայմանավորվածություն եմ ձեռք բերել պրոթեզների արտադրությամբ զբաղվող իսլանդական աշխարհահռչակ «Ossur» ընկերության հետ` ձեռքբերելու գերժամանակակից «i-Limb» ձեռքի պրոթեզներ։ Իսլանդական «Ossur»-ին զուգահեռ ձեռքի ժամանակակից պրոթեզներ գնելու պայամանվորվածություն ենք ձեռք բերել նաև գերմանահոլանդական «Ottobock» ընկերության հետ։

Ծրագիրն իր մեջ ներառելու է նաև կրթական բաղադրիչ՝ վերապատրաստման նպատակով իսլանդացի և հոլանդացի մասնագետների այց, հայաստանյան մասնագետների վերապատրաստում արտերկրում և այլն։ Արդեն պայմանավորվածություն ունենք իսլանդական «Ossur»-ի ձեռքերի պրոթեզավորման լավագույն մասնագետներից մեկի՝ Վիբե Հայդեմայի հետ, ով աշխատելու է “Զինվորի տան” մասնագետների հետ։ Ծրագրի հաջող իրականացման դեպքում առաջին անգամ Հայաստանում կտեղադրվեն նման կարգի պրոթեզներ։ Այս նախաձեռնության շահառու են լինելու հայրենքի պաշտպանության համար զեռքերը կորցրած մեր զինվորները, որոնց մի մասի հետ արդեն հանդիպել եմ, և շուտով կսկսենք նախապատրաստական աշխատանքները։

 

Եթե ճանաչում եք զինվորների, որոնք պատերազմի ընթացքում կորցրել են ձեռքերը, խնդրում եմ նրանց տվյալներն ուղարկել ինձ։

Մոտ օրերս կտեղեկացնենք ինչպես դրամահավաքի մեկնարկի, այնպես էլ այն կազմակերպությունների և անհատների մասին, որոնք արդեն իսկ հանգանակություններ կատարելու պատրաստակամություն են հայտնել»։