«Հոկտեմբերի 21-ի՝ ՀՀ կառավարության որոշմամբ, այս տարվա դեկտեմբերի 31-ից 6 ամսով արգելվել է թուրքական ապրանքների ներմուծումը Հա­յաստան: Կառավարության այդ որոշումդ դեռևս չի չեղարկվել, սակայն նոյեմբերի 26-ին էկոնոմիկայի նախարար նշանակված Վահագն Քերոբյանը պաշ­տոնավարման առաջին իսկ օրերից սկսել է խոսել Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտրային հարաբե­րությունների աշխուժացման մասին: Թե այս հակա­սական մոտեցումներից ո՞րն է ճիշտ, իսկ որը՝ սխալ, քննարկելու հարց է: Խոսքն այլ բանի մասին է. պե­տությունը չի կարող ղեկավարվել միայն «շոուներով», քաղաքական գովազդով և պոպուլիզմով:

Հանուն արդարության պետք է ասել, որ շոու-բիզնեսի տարրերը հասարակական և քաղաքական կյան­քի մեջ ներմուծելը զուտ հայաստանյան երևույթ չէ. համացանցի և, մասնավորապես, սոցցանցերի միջո­ցով աշխարհում ձևավորվում է այն, ինչ Արևմուտքում ընդունված է անվանել post-truth՝ «հետ-ճշմարտություն», երբ մանիպուլյացիայի հատուկ մեթոդներով լայն զանգվածների համար ստեղծվում է վիրտուալ իրականություն, որն էապես տարբերվում է բուն իրա­կանությունից: Բայց որքան էլ այլ երկրներում իշխա­նության գլխին լինեն Թրամփի կամ Զելենսկու նման շոումենները, համակարգը նրանց ստիպում է հանդես գալ նաև որպես պետական գործիչներ: Մեզանում այդ սահմանափակումը չկա, և 2,5 տարվա ընթաց­քում զարգացող ստի, ապակողմնորոշման, «ֆեյքի» ինդուստրիան մեզ բերեց աղետալի իրավիճակի:

Դատարանները կամ Ազգային ժողովը շրջափակելու և «դըմփ-դըմփ-հու» գոռալու շոուների մասին շատ է գրվել: Իսկ ես վերջերս հիշեցի ավելի «մանր» դրվագ­ներ: Օրինակ, երբ վարչապետը հարձակվեց մաքսա­վորի վրա, որն, իբր, «սխալ տեղ» է դրել պետական դրոշը: Կամ՝ երբ կրթության և գիտության նախարա­րը մտավ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ու սկսեց փոշիներ սրբել [դա, ի դեպ, ու­ղիղ փոխառություն էր ռուսաստանյան հեռուստաալիքներից մեկի «Ռևիզոր» շոու-ծրագրից]: Հիմա այդ միջադեպերը իսկապես շատ մանր և անկարևոր են թվում, բայց դուք հիշեք, թե ինչ փոթորիկ էին դրանք բարձրացրել ֆեյսբուքում և քանի օր էին քննարկվում:

Իսկ հիմա դա համեմատեք Կապանի բարձունքների վրա հայկական դիրքերի ապամոնտաժման և դրանք թշնամուն հանձնելու հետ: Դա «շոու» չէ, դա աղետա­լի իրականության է, բայց պոպուլիզմից բժժած հասա­րակությանը, դա, ըստ ամենայնի, առանձնապես չի հետաքրքրում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: