NEWS.am–ի տեղեկություններով՝ Պետական եկամուտների կոմիտեն հարկային ստուգումներ է սկսել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններում։

ՊԵԿ–ի թիրախում այս անգամ հայտնվել է գործարարի ընտանիքին պատկանող «Փարվանա» հյուրանոցային և ռեստորանային համալիրը և Երևանի ամենամեծ՝ Megamall Armenia առևտրի կենտրոնը։

Մեր տեղեկություններով՝ ստուգումներն իրականացվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով։ Բանն այն է, որ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո հարկային «տեռորի» ենթարկված, սակայն կարճ ժամանակ անց իշխանությունների սիրելի օլիգարխը դարձած Սամվել Ալեքսանյանը վերջին շրջանում սկսել է չեզոքություն ցուցաբերել և չաջակցել Փաշինյանի խորտակվող իշխանությանը։

Ալեքսանյանը սկսել է զգուշավորություն ցուցաբերել այն բանից հետո, երբ բացահայտվեց, որ իրեն պատկանող «Մեգամոլ» առևտրի կենտրում տևական ժամանակ Փաշինյանին աջակցող ֆեյքերի ֆաբրիկա է աշխատել։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Mediaport տելեգրամյան ալիքը տեղեկացրել էր, որ առևտրի կենտրում 30 համակարգչից բաղկացած սենյակից առանց հանգստյան օրերի աշխատեցնում են ավելի քան 700 ֆեյքեր, որոնք հայհոյում են ՀՀ վարչապետի ընդդիմախոսներին։ Ըստ աղբյուրի՝  Ֆեյքերի ֆաբրիկայի աշխատակիցներին համակարգել է Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը։ Վերջինս, սակայն ինստագրամյան էջում հերքել էր լուրը՝ նշելով, որ այն ապատեղեկատվություն է։