ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի խորհրդականների ասել է, որ կհրաժարվի Սպիտակ տունը լքել նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրը, պնդում է CNN հեռուստաալիքը:

Հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփը Ընտրիչների կոլեգիայի քվեարկությունից հետո ԱՄՆ նախագահական ընտրություններում իր պարտությունը հրապարակայնորեն ընդունելու մտադրություն չունի:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ «պարտությունը խորապես ժխտելու պահերին Թրամփը մի քանի խորհրդականների հայտնել է, որ կհրաժարվի Սպիտակ տունը լքել երդմնակալության օրը՝ միայն, որ իրեն դուրս բերեն աստիճաններով»:

Հեռուստաալիքը նշում է, որ սա մտահոգում է նրա որոշ խորհրդականների, սակայն նրանցից քչերն են հավատում, որ իսկապես այդպես կլինի:

Երկուշաբթի ընտրիչները քվեարկել էին նոյեմբերի 3-ին տեղի ունեցած համաժողովրդական քվեարկության արդյունքներին համապատասխան: Դրանց արդյունքներով Բայդենը, ինչպես եւ կանխատեսվում էր, ստացել է 306 ձայն՝ հաստատելով անցկացված ընտրություններում իր հաղթանակը: Թրամփը մինչեւ հիմա իր պարտությունը չի ընդունել: Քվեարկության արդյունքների պաշտոնական հաստատումը կկայանա հունվարի 6-ին, Բայդենի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին: