Հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հոդվածով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ուղղությամբ Ադրբեջանի հասցրած հարվածների թեմային ու նշել՝ գործողությունների ընթացքում մեկ օրվա ընթացքում ադրբեջանական ուժերը երկու հարված են հասցրել եկեղեցուն:

Այս առնչությամբ Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլյամսոնը նշել է. «Մի քանի ժամվա ընթացքում երկու առանձին հարձակումները ենթադրելու առիթ են տալիս, որ եկեղեցու վրա հարձակումը եղել է կանխամտածված, չնայած նրան, որ առկա չեն բավարար ապացույցներ: Human Rights Watch-ի կողմից հավաքված զենքի մնացորդները ապացույց են նրա, որ օգտագործվել են կառավարվող զինատեսակներ»:

Կազմակերպությունն այս առնչությամբ հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը BBC-ին տված հարցազրույցը, որի ժամանակ նա ասել էր եկեղեցու վրա հարձակումները կարող են լինել միայն պատահականության հետևանք:

Այնուամենայնիվ, բազմաթիվ գործոններ ցույց են տալիս, որ երկու հարձակումներն էլ ուղղված են եղել եկեղեցուն:

«Հայտնաբերված մնացորդները ցույց են տալիս, որ օգտագործված զենքերն ունակ են ուղղված լինել որոշակի թիրախի: Երկու հարված է հասցվել եկեղեցու տանիքի նույն հատվածին՝ հարվածի կետի միջև ոչ ավելի, քան երկու մետր տարբերությամբ: Սա էապես նվազեցնում է ավելի նվազ ճշգտությամբ զենքի օգտագործման հավանականությունը», — ասվում է հոդվածում:

Նշենք՝ միջազգային մարդասիրական իրավունքը պատերազմող կողմերից պահանջում է ամեն պահի տարբերակել քաղաքացիական օբյեկտները և ռազմական թիրախները: Քաղաքացիական օբյեկտների դեմ ուղղված հարձակումներն արգելվում են և համարվում են ռազմական հանցագործություններ: Պատերազմող կողմերից պահանջվում է նաև հարգել մշակութային ունեցվածքը: Դրանց վրա չպետք է հարձակվել, քանի դեռ հրամայականորեն չի պահանջվում այդ անել՝ պայմանավորված ռազմական անհրաժեշտությամբ:

Կազմակերպությունը շեշտում է՝ հանցավոր դիտավորությամբ կատարված պատերազմի օրենքների լուրջ խախտումները՜  դիտավորյալ թե պատահաբար, ռազմական հանցագործություններ են:

HRW-ի պնդմամբ՝ այս հարձակումները պետք է անաչառ կերպով հետաքննվեն, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: