Իսպանական El Mundo պարբերականի թղթակից Խավիեր Կոլասը հոդված է հեղինակել, որում անդրադարձել է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի գործունեությանը:

«Առաջին տիկին և փոխնախագահ՝ երկուսը մեկում: 1964 թվականին ծնված Մեհրիբան Ալիևան Կովկասի երբևէ տեսած ամենահզոր ակնաբույժն է: Նա սովորել է Մոսկվայում և 19 տարեկանում ամուսնացել է երկրի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ավելի քան 35 տարվա ամուսնություն, երեք երեխա և սկանդալ, որը լռեցվել է մամուլի նկատմամբ հետապնդումների արդյունքում:

Ըստ ԱՄՆ դեսպանատան տվյալների արտահոսքի՝ Ալիևան ծնվել է մի ընտանիքում, որը համարվում է «ամենահզորն Ադրբեջանում»: Փաշաևները ղեկավարում էին խոշոր բիզնեսներ հեռահաղորդակցության, բանկային և անշարժ գույքի ոլորտում:

Կարևոր իրադարձությունը տեղի է ունեցել 1983 թ.-ին, երբ ընտանիքը միավորվել է այն կլանի հետ, որն ավելի քան 40 տարի ղեկավարում էր Ադրբեջանը: Մեհրիբանն ու Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի որդին ամուսնացել են: Ալիևների կլանն  կոշտ իշխանություն է հաստատել Ադրբեջանում:

Մերժում և ծաղրանք

Մինչ նա կնշանակվեր փոխնախագահի պաշտոնում, Ալիևան արդեն ուներ քաղաքական փորձ: 2005-ի խորհրդարանական ընտրություններում նա դարձավ Ադրբեջանի Ազգային ժողովի անդամ: 2017-ին Ալիևը ստեղծեց փոխնախագահի պաշտոնը, և այն հանձնեց կնոջը: Այս քայլն Ալիևային դրեց այնպիսի առաջատարի դիրքում, որը նախկինում զբաղեցնում էր վարչապետը: Ընդդիմությունն արձագանքեց այս նշանակմանը մերժումով և ծաղրով: Փոխնախագահի պաշտոնը ստեղծելու մասին որոշումն ընդունվեց հանրաքվեի արդյունքում, որի ընթացքում հանվեց նաև նախագահի նվազագույն տարիքային շեմը: Հենց այդ պատճառով էլ հետո լուրեր շրջանառվեցին այն մասին, որ Ալիևը ցանկանում է իր 23-ամյա որդուն՝ Հեյդարին առաջ տանել քաղաքական հարթակում:

Ալիևայի նշանակումը հատուկ ստեղծված պաշտոնում տեղի ունեցավ այն ժամանակ, երբ երկրի տնտեսությունը լրջորեն տառապում էր նավթի գների անկումից: Շատերը կարծում էին, որ այս քայլի նպատակը իշխանության վերահսկվող տարանցման ապահովումն է այն դեպքում, եթե նախագահը ստիպված լինի լքել իր պաշտոնը:

Պլաստիկ վիրահատություն

Նավթի և գազի արտահանումը բարձրացրել է երկրի կենսամակարդակը: Երկրի զարգացմանը զուգահեռ Ալիևան տարեցտարի ավելի երիտասարդանում: Նա այնքան շատ պլաստիկ վիրահատությունների է ենթարկվել, որ այժմ նրա նորմալ դեմքի արտահայտությունն այլևս «տեսանելի» չէ: Բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների մասին տեղեկատվությունը պարունակում են WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերը: Հաղորդվում է, որ Բաքու կատարած այցերից մեկի ընթացքում ամերիկացի դիվանագետները չեն կարողացել անմիջապես տարբերել առաջին տիկնոջն իր երկու դուստրերից՝ Արզուից և Լեյլայից: Այս ամենը պայմանավորված է բազմաթիվ վիրահատություններով:

Ճգնաժամից առաջ նրա երկիրը երազում էր դառնալ «Կենտրոնական Ասիայի Սինգապուր»: Այսօր նրա ամուսինը կարողացավ վերականգնել իր ղեկավարման լիազորությունները՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի նկատմամբ ռազմական հաղթանակի շնորհիվ: Նա անձամբ լուսանկարեց ամուսնուն Իրանի հետ սահմանի մոտ գտնվող «վերադարձված» տարածքներում: Ալիևան չգիտեր, բայց իրանցի դիպուկահարը նկատել էր նրանց և թիրախավորել: Արդյունքում շրջանառության մեջ դրվեցին՝ Ալիևների դիպուկահարային զենքի ոսպնյակով արված լուսանկարները: Ադրբեջանական լրատվամիջոցները քննադատում էին այս արարքը, մինչդեռ շատ հայեր ափսոսում էին, որ իրանցի դիպուկահարը չի կրակել»,-եզրափակել է հեղինակը: