ԵՄ երկրների մշտական ​​ներկայացուցիչները հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը: Այս մասին թվիթթերում գրել է «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի լրագրող Ռիկարդ Յոզվյակը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Հաջորդ փուլը պատժամիջոցների հաստատումն է ԵՄ Խորհրդի կողմից:

Դեկտեմբերի 10-ին ԵՄ երկրների կառավարությունների ղեկավարները Բրյուսելում հանդիպման ժամանակ հավանություն են տվել սահմանափակող միջոցների ռեժիմի հերթական երկարաձգմանը:

Վճիռը, որը իրավաբանական բնույթ ունի, կընդունվի ԵՄ Խորհրդի կողմից, եւ Եվրամիության «պաշտոնական ամսաթերթում» օրենսդրական ակտի հրապարակումից հետո ուժի մեջ կմտնի:

Տնտեսական պատժամիջոցները նախապես սահմանվել էին 2014 թվականի հուլիսի 31-ին՝ ի պատասխան «Ռուսաստանի գործողությունների, որոնք ապակայունացնում են Ուկրաինայի վիճակը»: Դրանից հետո այդ միջոցներն ուժեղացվել էին 2014 թվականի սեպտեմբերին:

Տնտեսական պատժամիջոցները ներառում են ԵՄ առաջնային եւ երկրորդական շուկա հասանելիության սահմանափակումը ռուսական 5 ֆինանսական հաստատությունների համար, ինչպես նաեւ զենքի առեւտրի արտահանման եւ ներմուծման արգելք ու մի շարք այլ սահմանափակող միջոցներ:

Տնտեսական պատժամիջոցներից բացի՝ Ռուսաստանի նկատմամբ գործում են այլ սահմանափակող միջոցներ՝ կապված «Ղրիմի եւ Սեւաստոպոլի անօրինական անեքսիայի» հետ: